Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի հիմնադիր ժողովը, որի ժամանակ քննարկվեց և հաստատվեց կանոնակարգը, ընտրվեց կառավարման խորհորդը և քննարկվեցին կոալիցիայի զարգացման ուղիները:
Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիան հիմնադրվեց «Մարդու իրավունքներ․ մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագրի շրջանակներում. որը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում է իրականացվում:
Կոալիցիային հիմադնադիր համաժողովի ընթացքում «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ կոալիցիայում ընդգրկվող կազմակերպություններից յուրաքանչյուրն իր ոլորտում հայտնի է և բարձր հեղինակություն ունի:
10 քաղաքացիական հասարակության կազմակերպությունից բաղկացած կոալիցիայի հիմնադրումից և կանոնակարգի հաստատումից հետո ընտրվեց կառավարման խորհուրդը, որը բաղկացած է 9 հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից: Առաջիկայում նախատեսվում է, որ կոալիցիայի շարքերը կհամալրեն ոլորտում գործող այլ հասարակական կազմակերպություներ ևս:
Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիան իրականացնելու է ծրագրեր, որոնք ուղղված կլինեն մարդու իրավունքները պաշտպանությանը, խախտումների կանխարգելմանը:
Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ «Մարդու իրավունքներ․ մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագրի շրջանակներում կոալիցիան նպատակ ունի նպաստել մարդու իրավունքների պաշտպանվածությանը երեք ուղղություններով՝ իրավապաշտպանների նկատմամբ սպառնալիքների նվազեցում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն, փակ հաստատություններում գտնվող անձանց՝ զինծառայողների և ազատազրկվածների իրավունքների պաշտպանություն, խոշտանգումների բացառում:
Թեև ընդամենը 4 ամիս է անցել ծրագրի մեկնարկից, սակայն արդեն իսկ հաջողություններ կան: Օրինակ, ծրագրի երրորդ կոմպոնենտի մասով, Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ իրենց կողմից բարձրաձայնվել է այն մասին, որ անձը դատապարտվել է ինքնախոստովական ցուցմունքի պատճառով, որը բռնությամբ է կորզված եղել. և այս դեպքի առթիվ օրերս քրեական գործ է հարուցվել:
Կոալիցիայի անդամները ծանոթացան արդեն իսկ կատարված աշխատանքներին և քննարկեցին հետագա հանդիպումների և անելիքների մասին հարցեր:
Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի հիմնադիր անդամներն են. «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների», «Իրավունքի ուժ», «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ», «Ազատ լրագրողների ասոցիացիա», «Ազատ քաղաքացի», «Լրագրողներ հանուն ապագայի», «Քաղաքացի–հարկատու բիզնես», «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարդու իրավունքների միջազգային հանրություն», «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունները:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա: