Ազգային ժողովում այսօր շրջանառության մեջ է դրվել միասեռ ամուսնություններն արգելող օրենքի նախագիծ, որի հեղինակն է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
«Նախագծով առաջարկվում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մեջ ավելացնել նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքը»,- նշել է Ուրիխանյանը իր հաղորդագրության մեջ:
Ուրիխանյանը հիմնավորման մեջ նշել է, որ ընտանիքը, որպես հասարակության հիմնական բջիջ, ազգի պահպանման եւ վերարտադրման հիմք, պետք է մշտապես լինի պետության հատուկ պաշտպանության եւ հովանավորության ներքո: Հայկական ավանդական ընտանիքների ձեւավորումը հնարավոր վտանգներից զերծ պահելու նպատակով անհրաժեշտ է օրենքի ուժով արգելել միասեռ ամուսնությունների կնքումը, ճանաչումը, պետական գրանցումը:
ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է. «Ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության եւ ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով»:
Միեւնույն ժամանակ, Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածը սահմանում է. «Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու եւ կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը եւ նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի»: Ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածով սահմանված են ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքները, որտեղ ամրագրված չէ միասեռ ամուսնությունների արգելքը: