Երևանի ավագանու անդամ Արմեն Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր ահազանգ ստացա այն մասին, որ երևանաբնակ մի անչափահասի իրավունքներ են խախտվել Երևանի ոստիկանության բաժանմունքներից մեկում: Փաստաբան Դավիթ Արղամանյանի հետ տուժող կողմից տեղեկացանք, որ ոստիկանությունում ծեծի են ենթարկել անչափահասին, նվաստացրել են նրան և ծնողին տեղյակ պահելու իր պահանջը կատարվել է միայն ժամեր անց:Վաղը դատաբժշկական փորձագիտության տվյալները ստանալուց հետո այս գործին ընթացք տալու համար տուժող կողմի հետ գնալու ենք ՀՔԾ: Բոլոր այն ոստիկաններն, ովքեր չեն հասկացել, որ Նոր Հայաստանում բռնությունը տեղ չունի՝ պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ: Անձնական տվյալների պաշտպանությունից ելնելով անչափահասի տվյալները չեմ հրապարակում»։
Իրավաբան.net-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժնից հայտնեցին, որ նման տեղեկություն չունեն։
«Եթե ասեք, թե կոնկրետ ո՞ր դեպքի մասին եք խոսում, կփորձենք ձեզ պարզաբանում տալ։ Որտե՞ղ է դա տեղի ունեցել։ Երևանում կա 11-12 բաժին և ունի 6 կամ 7 բաժանմունք։ Մենք նման տեղեկության չենք տիրապետում»,-նշեցին ոստիկանությունից։