Ոստիկանությունը պաշտոնական պարզաբանում է տարածել «Hraparak.am» կայքում 14.10.18 թ. զետեղված «Ծերեթելիում կանգնող մարմնավաճառներով երբ եք զբաղվելու» հրապարակման կապակցությամբ.
«Պարզաբանում ենք, որ ոստիկանության պայքարը մարմնավաճառության դեմ ամենօրյա ու շարունակական է: Մասնավորապես` ոստիկանության ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում այս տարվա 1-ին եռամսյակում ոստիկանության տարբեր բաժիններ է բերվել 125 մարմնավաճառ, որոնցից 57-ը` Երևանյան լճի մերձակայքից: Երկրորդ եռամսյակում բաժիններ բերվել է 224 մարմնավաճառ, 186-ը` Երևանյան լճի մերձակայքից: 3-րդ եռամսյակում ոստիկանության բաժիններ բերվել է 393-ը, Երևանյան լճի մերձակայքից` 299 մարմնավաճառ:
Նրանց նկատմամբ, ըստ օրենքի պահանջի, կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ:
Սա մարմնավաճառության դեմ պայքարի թվային պատկերը:
Իսկ հիմա երեք դիտարկում` հատկապես հոդվածագրի համար:
Հույս ունենք, որ բերված տվյալների դինամիկան բավականաչափ ընթեռնելի է` հուզական բացականչություններից առարկայական վերլուծության դաշտ տեղափոխվելու համար:
Հաջորդը. մարմնավաճառները իրականում «տեղակայվում են» Երևանյան լճի հարևանությամբ, իսկ Ծերեթելին երկար ու անմարմնավաճառ փողոց է. հարցին անդրադառնալիս պետք է առնվազն հարցի «աշխարահագրությունն» իմանալ:
Եվ վերջին` եթե իսկապես ու ազնվորեն մտահոգ եք մայրաքաղաքի բարոյական նկարագրի համար, ապա «Ասում են՝ առաջ այդ աղջիկները մուծվում էին ոստիկաններին…» կարգի բամբասանքներ տարածելու փոխարեն կարող էիք դիմել ոստիկանություն, ամենայն մանրամասնությամբ ծանոթանալ մարմնավաճառության դեմ պայքարին ու խնդիրներին և ընթերցողին ներկայանալ հիմնավոր ու լրջմիտ վերլուծությամբ ու առաջարկներով»: