Էջմիածնի քաղաքապետարանի պարզաբանումը` Մ. Մաշտոց 59 շենքի 1-ին հարկի փլուզման վերաբերյալ

Ի պատասխան մամուլում շրջանառվող չճշտված լուրերի, թե Մ. Մաշտոց 59 շենքի 1-ին հարկում գտնվող խանութին քաղաքապետարանը նկուղի շինարարության թույլտվություն է տվել, ինչն էլ դարձել է ողբերգական փլուզման պատճառ, խեղաթյուրված ինֆորմացիա է և ոչ այլ ինչ, քան մեղավորությունը բարդելու փորձ: Այս մասին հայտնում է Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժինը:

«Հայտնում ենք, որ նշված հասցեի սեփականատեր Մայիս Աթանյանից քաղաքապետարանը ստացել է արտաքին տեսքի արդիականացման և հասցե տրամադրելու վերաբերյալ դիմում, ինչին ի պատասխան քաղաքապետարանը հայտնել է, որ չի առարկում նշված հասցեում գտնվող խանութի արտաքին տեսքը արդիականացնելուն: Որոշումը ստանալուց հետո խանութում սկսվել են շինարարական աշխատանքները և, քանի որ կառուցապատման շրջակայքը արտաքինից պատված է եղել պաստառով, նկատել չի եղել և կասկած չի հարուցել թե իրականում ինչ աշխատանքներ են կատարվում (նկուղի տարածքի ընդլայնման աշխատանքներ): Նշենք նաև, որ շինաշխատանքների վերաբերյալ քաղաքապետարանը ոչ մի ահազանգ չի ստացել ո´չ ոստիկանությունից, ո´չ բնակիչներից:

Քաղաքապետարանն իր ցավակցությունն է հայտնում մահացածի ընտանիքին և բնակիչներին հորդորում զերծ մնալ ինքնագործունեությունից և փոփոխությունների անհրաժեշտության դեպքում խորհրդակցել պատկան մարմինների հետ, շինարարություն չնախաձեռնել առանց սահմանված կարգով շին. թույլտվություն ստանալու: Նման դեպքերը ոչ միայն ենթակա են տուգանքի, այլև վնասում են այլ շահառուներին պատկանող սեփականությունը և վտանգում շենքերի սեյսմակայունությունը` ցավոք բերելով ողբերգական դեպքերի:

Կից` ներկայացնում ենք սեփականատիրոջից ստացված դիմումը և քաղաքապետարանի պատասխան որոշումը:

Չճշտված ինֆորմացիա տարածող լրատվամիջոցներին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ձեր առաքելությունը հանրությանը բարեխղճորեն տեղեկացնելն է, որպեսզի մարդիկ անաչառ ու լիարժեք տեղեկություններ ունենան կատարվածի մասին: Էջմիածնի քաղաքապետարանը հավատարիմ է որդեգրած բաց և թափանցիկ աշխատանքի քաղաքականությանը»,-նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել