Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վաղը՝ հոկտեմբերի 9-ին կառավարության անդամներին կներկայացնի Հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծը։
Այսպիսով, «Հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով և «Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, որոնց համաձայն՝ հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատում է ՀՀ Կառավարությունը:
Հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը կունենա հետևյալ տեսքը՝
- Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (F00 – F09)
- Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ (F20 – F29)
- Տրամադրության ( աֆեկտիվ) խանգարումներ (F30 – F39)
- Սովորույթի և հակումների խանգարումներ (F63)
- Մտավոր հետամնացություն (F70 – F79)
- Հոգեկան և վարքային խանգարումներ` հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով (F10- F19)
- Շնչառական օրգանների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն (A15)
- Էպիլեպսիա (G40)
- Ականջի հիվանդություններ՝ արտահայտված խլությամբ (H90-95) (դիվանագիտական ծառայության պաշտոնի դեպքում)
- Տեսողական խանգարումներ` արտահայտված կուրությամբ (H54.0) (դիվանագիտական ծառայության պաշտոնի դեպքում)։
Այս որոշմամբ ուժը կորցրած կճանաճվի նաև նախկինում հաստատված համանման ցանկը։
Հավելենք, որ նախագիծը մշակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից: