Ս/թ հոկտեմբերի 8-ին Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է սպայական անձնակազմի շարային ստուգատես և առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնին նշանակված անձանց երդման ու ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն:
13 հարկադիր կատարողներ երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ անվերապահորեն և բարեխղճորեն կատարելով իրենց ծառայողական պարտականությունները: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը շնորհավորել է նորանշանակ հարկադիր կատարողներին պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ՝ նրանց մաղթելով հաջողություններ՝ անշեղորեն կատարելու ծառայողական բոլոր պարտականությունները:
Շարային ստուգատեսի ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հետևել է հարկադիր կատարողների կողմից ծառայողական համազգեստի և վկայականների կրման համար սահմանված կարգի պահպանմանը: Ստուգատեսից հետո կառույցի ղեկավարը հարցեր է ուղղել բաժինների պետերին և հարկադիր կատարողներին:
Օրվա երկրորդ կեսին քննարկվել և ամփոփվել են Ծառայության 2018 թվականի 9 ամիսների գործունեության արդյունքները:
Հրավիրված ընդլայնված կազմով աշխատանքային ամփոփիչ խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:
Խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված օրակարգի, Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետը ներկայացրել է հաշվետու զեկույց՝ տարբեր բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ:
2018 թվականի հունվար-սեպտեմբերի ամիսներին Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է 19 551 933 492 ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավել է շուրջ 6.4 տոկոսով: Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 2 195 228 կատարողական վարույթների, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է շուրջ 83 տոկոսով: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 2 133 825, ինչն, իր հերթին, նախորդ տարվա համեմատ ավել է շուրջ 85 տոկոսով: Մնացորդ կատարողական վարույթների թիվը կազմել է 61 403: Կատարողական վարույթների թվի նշված աճը մասամբ պայմանավորված է նաև վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքով ս/թ հուլիսին հայտարարված ՃՈ վարչական ակտերի համաներմամբ:
Խորհրդակցության ընթացքում Ծառայության տարբեր բաժինների պետերը ներկայացրել են իրենց բաժիններում կատարված աշխատանքները և Ծառայության ղեկավարից ստացել կոնկրետ հանձնարարականներ:
Ի թիվս կատարողական վարույթներին առնչվող այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն անդրադարձել է նաև քաղաքացիների դիմումներին ու գրություններին պատասխանելու ընթացակարգին: Նա հանձնարարել է բոլոր բաժինների պետերին քաղաքացիների դիմումներին ու գրություններին պատասխանել սեղմ ժամկետում՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացուն ուղարկելով միջանկյալ գրություն: Հակոբ Հակոբյանը հարկադիր կատարողներին կարգադրել է նաև լինել խիստ հետևողական աշխատանքային կարգապահության պահպանման հարցում և կատարողական վարույթի կողմերի հետ աշխատելիս ցուցաբերել նրբանկատություն ու զսպվածություն:
Կառույցի ղեկավարն ընդհանուր առմամբ Ծառայության 2018 թվականի 9 ամիսների գործունեությունը գնահատել է դրական:
Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսել է Ծառայության երեք աշխատակիցների: