Նիկոլ Փաշինյանն ԱԻՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Հրաչյա Ռոստոմյանին՝ կատարած աշխատանքի համար, և շնորհավորել Ֆելիքս  Ցոլակյանին ու նրան մաղթել հաջողություններ: «Պարոն Ցոլակյանը մեր պետական կառավարման համակարգում նոր մարդ չէ, երկար տարիներ աշխատել է Ազգային անվտանգության համակարգում, ունի գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Այս նշանակումը խորհրդանշական եմ համարում, որով ցանկացել եմ ընդգծել, որ վերջին քաղաքական պրոցեսների ընթացքում և առաջիկայում սպասվող ԱԺ ընտրություններից հետո պետք է խնդիր դնենք, որ մեր պետության զարգացման գործում համախմբենք երկրում առկա ողջ պրոֆեսիոնալ ներուժը: Կառավարությունն առաջիկայում առաջնահերթ է համարելու հենց պրոֆեսիոնալիզմը: Չնայած պարոն Ցոլակյանը հեղափոխական ակտիվիստ չի եղել, նրա նշանակումը նախարարի պաշտոնում շատ դրական արձագանք է ստացել, ինչը նշանակում է, որ հանրությունը նույնպես ընկալում է և ընդունում տրամաբանությունը, որ կա գծեր գծելու ժամանակը և կա դրանք ջնջելու ժամանակը: Հիմա թևակոխում ենք մի շրջան, երբ պետք է ավարտենք գծեր գծելու ժամանակը և թևակոխենք դրանք ջնջելու փուլ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը կարևորել է Արտակարգ իրավիճակերի նախարարության դերը  և շնորհակալություն հայտնել Ֆելիքս Ցոլակյանին՝ կարևոր ժամանակաշրջանում պատասխանատու պաշտոն ստանձնելու համար:

Իր հերթին, Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և համոզմունք հայտնել, որ նախարարությունը պատվով կիրականացնի իր առջև դրված խնդիրները:   

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել