Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը մայրաքաղաքի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկա են գտնվել Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառմանն ու հինգերորդ տարին անընդմեջ կազմակերպված Երևան քաղաքի տարվա լավագույն տնօրենի, ուսուցչի և դաստիարակի հաղթողների մրցանակաբաշխությանը: Հանդիսության սկզբում ներկաները մեկ րոպե հոտնկայս ծափահարությամբ հարգանքի տուրք են մատուցվել հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Այնուհետև ողջունելով ներկաներին՝ Կամո Արեյանը շնորհավորել է մանկավարժներին` մասնագիտական տոնի առթիվ, մաղթել նրանց առողջություն, հաջողություններ ու մասնագիտական նոր նվաճումներ:
«Սիրելի ուսուցիչներ, բժշկի և իրավաբանի ձեռքերում են մարդկանց ճակատագրերը, սահմանապահ զինվորի աչքի և ուշիմ հսկողության ներքո է երկրի անվտանգությունը, բայց կա մի կոչում, որի առաքելությունը համամարդկային ճակատագրեր կերտելն է: Դուք եք այդ կերտողները, հարգելի մանկավարժներ: Ձեզ է վերապահված վաղվա հայրենասեր սերունդ կրթելու ու դաստիարակելու առաքելությունը», – նշել է Կամո Արեյանը, ապա հայտարարվել են մասնագիտական հանձնաժողովի մանրակրկիտ քննարկումների արդյունքում լավագույնը ճանաչվածների անունները:
Մասնավորապես, 2017-2018 ուսումնական տարում տարվա լավագույն տնօրեն է ճանաչվել Երևանի Ս. Բյուրատի անվան դպրոցի տնօրեն Լիլիթ Անտոնյանը, տարվա լավագույն ուսուցիչ՝ Երևանի Ա. Սախարովի անվ. դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Հռիփսիմե Ավագյանը, տարվա լավագույն դաստիարակ՝ Երևանի հ.162 մանկապարտեզի դաստիարակ Էլլա Հովսեփյանը: Նրանք պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի պատվոգրերով և նվերներով:
Հարկ է նշել նաև, որ նախօրեին պարգևատրվել են տարբեր դպրոցների վաստակաշատ, ստեղծարար ու նորարարական մոտեցումներ կիրառող շուրջ 30 ուսուցիչներ, որոնց աշակերտները բարձր ցուցանիշներով աչքի են ընկել առարկայական օլիմպիադաների քաղաքային և հանրապետական փուլերում, մասնակցել տարբեր մրցույթների և ճանաչվել հաղթողներ: