Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարությանն է ներկայացնում «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին:
Առաջարկվում է փոխել օրենքի 19-րդ հոդվածը, որը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել»:
Տիգրան Ավինյանը առաջարկում է նաև նոր կարգավորում ավելացնել, որի համաձայն կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում:
Հիմնավորման մեջ նշված է, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ից Հայաստանում սկսվում են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում նախատեսվող միջոցառումները: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանում կլինեն ավելի, քան 80 անդամ պետությունների և կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ 25-ից ավելի պատվիրակությունները՝ պետության ղեկավարների մակարդակով:
«Հաշվի առնելով վերը նշվածը և գագաթաժողովի անցկացման օրերին Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը՝ նպատակահարմար ենք համարում Ֆրնակոֆոնիայի գագաթաժողովի օրերը համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով»,-նշված է նախագծում:
Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց, որ ուղղակի ձևակերպում մտցվի, որ բացառիկ դեպքերում կառավարությունը կարողանա աշխատանքային օրերը տեղափոխել, ոչ թե միայն 4 և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում:
Սակայն Արարատ Միրզոյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը դեմ էին Նիկոլ Փաշինյանի առաջարկին, որին վարչապետը արձագանքեց. «Մենք այնպիսի ձևակերպում պետք է տանք, որ ամեն նոր միջոցառման ժամանակ չսկսկենք փոփոխություն անել: Մի հատ էլ սենց, մի հատ էլ նենց դեպք ավելացնենք:
Նախարարները կարծում էին, որ այդ «բացառիկ» դեպքը կարող է տարբեր մեկնաբանությունների առիթ դառնալ և այն կառավարության լայն լիազորություններ է տալիս:
«Ինչո՞ւ եք 40 և ավելի պետություն նշել: Ինչի՞ եք կառավարությանը այդքան մեծ լիազորություններ տալիս: Կոնկրետ թվերը գրեք, թե չէ այդպիսի մեծ լիազորություն ոնց կարելի է տալ կառավարությանը»,-նշեց նա:
ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ նշեց, որ 4 թիվը իրեն ցույց է տալիս պետության կարողությունները. «Մեր պետությունը ավելին էլ է կարող»:
Փաշինյանը առաջարկեց նախագիծը լրացնել հետևյալ կետով. «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել, ինչպես նաև բացառիկ դեպքերի կապացությամբ»:
Մանրամասները՝ տեսանյութում: