Կառավարությունը կհաստատի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով հաստատվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման և պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը:

Մանրամասները՝

ԿԱՐԳ

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն կարգով կարգավորում են օրենքով սահմանված կարգով հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպման և իրականացման, Հայաստանի Հանրապետության և տարածքային զինվորական կոմիսարիատների (այսուհետ նաև՝ զինվորական կոմիսարիատներ), զորակոչի ապահովման գործընթացում օրենքով վերապահված իրավասություններ ունեցող այլ մարմինների գործունեության հետ կապված հարաբերությունները:
  3. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի պատշաճ ապահովման և զորակոչի նախապատրաստման աշխատանքների իրականացման համար պատասխանատու են տարածքային զինվորական կոմիսարիատները: Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը մեթոդական աջակցություն է ցուցաբերում տարածքային զինկոմիսարիատներին զորակոչի նախապատրաստական աշխատանքների իրականացման և զորակոչի անցկացման գործընթացում, պլանավորում է զորակոչի ենթակա քաղաքացիների քանակական և որակական կազմը, իրականացնում է հաշվետու տվյալների ընդհանրացում և վերլուծություն։

  1. ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

  1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության և տարածքային զինվորական կոմիսարիատներում յուրաքանչյուր տարվա մարտի 1-ից և սեպտեմբերի 1-ից իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ:
  2. Զինվորական կոմիսարիատներում առկա զորակոչիկների զինվորական հաշվառման սկզբնական տվյալների՝ այբբենական հաշվառման գրքերի և զորակոչիկների անձնական գործերի, իսկ Հայաստանի Հանրապետությունում ըստ բնակության վայրի հաշվառում չունեցող եւ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական հիմնարկներում հաշվառման վերցված զինապարտների վերաբերյալ ստացված ամփոփացուցակների հիման վրա տարածքային զինվորական կոմիսարիատներում և Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատում կազմվում են հայտարարված զորակոչին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիների անվանացուցակներ (համաձայն ձև N 1):
  3. Կազմված անվանացուցակների հիման վրա զինվորական կոմիսարիատներում զորակոչիկների անձնական գործերից կազմվում է քարտադարան՝ հետևյալ բաժիններից.

  1) 18 տարեկանը լրացողներ,

  2) առողջական վիճակի պատճառով տրված և տարկետման ժամկետը լրացողներ,

  3) ուսումը շարունակելու համար տրված և տարկետման ժամկետը լրացողներ,

  4) ընտանեկան պայմաններից ելնելով տրված և տարկետման ժամկետը լրացողներ,

  5) օրենքով սահմանված այլ հիմքերով տրված և տարկետման ժամկետը լրացողներ,

  6) զինվորական հաշվառման այլ կարգավիճակ ունեցողներ։

  1. Սույն կարգի 5-րդ կետում նշված կատեգորիաների համապատասխան քարտադարանում զորակոչիկների անձնական գործերը դասավորվում են այբբենական կարգով: Անձնական գործերը պահվում են պահարաններում՝ ապահովելով փաստաթղթերի պահպանումը: Քարտադարանի վարման հետ զուգահեռ ձևավորվում է նաև էլեկտրոնային շտեմարան:
  2. Զորակոչի նախապատրաստական փուլում զինվորական կոմիսարիատները՝

1) մշակում են զորակոչի նախապատրաստման և անցկացման պլան՝ մինչև յուրաքանչյուր տարվա մարտի   5-ը և սեպտեմբերի 5-ը,

2) զորակոչի ենթակա քաղաքացիների որակական կազմը ճշտելու նպատակով` մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 10-ը և սեպտեմբերի 10-ը իրավասու պետական մարմիններից և կազմակերպություններից պահանջում են զորակոչիկներին վերաբերող հետևյալ տվյալները`

ա. հոգեբուժական, հակատուբերկուլյոզային, մաշկասեռավարակաբանության, նարկոլոգիական դիսպանսերներում հաշվառված լինելու մասին,

բ. ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում հաշվառված լինելու մասին, որից հետո ստացված տվյալները 5 աշխատանքային օրվա ընթացքում համեմատում են անձնական գործերում առկա տվյալների հետ, իսկ քաղվածքները կցում են անձնական գործերին,

3) կազմում են զորակոչային ռեսուրսների քանակական բնութագրերը և ներկայացնում այն Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատ՝ մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 15-ը և սեպտեմբերի 15-ը,

4) մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 20-ը և սեպտեմբերի 20-ը զորակոչի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում կազմակերպում են քաղաքացիներին զինվորական կոմիսարիատ, ինչպես նաև հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող  մարմիններ ներկայանալու ժամկետների վերաբերյալ ծանուցումը,

5) կազմում են հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմիններ ըստ օրերի քաղաքացիների ներկայանալու անվանացուցակ, որն էլ մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 25-ը և սեպտեմբերի 25-ը ներկայացնում են հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմիններին:

III. ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

  1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո զինվորական կոմիսարիատը շարքային կազմի պարտադիր զինվորական զորակոչի ենթակա (այսուհետ` զորակոչի ենթակա) քաղաքացուն փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում է (համաձայն ձև N 2) զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտավորության մասին՝ ծանուցման մեջ նշելով ներկայանալու ժամկետը: Փաստաթղթային եղանակով ծանուցումն իրականացվում է քաղաքացուն ծանուցագիրն առձեռն հանձնելու, իսկ էլեկտրոնային եղանակով ծանուցումը՝ զինվորական կոմիսարիատին քաղաքացու կողմից էլեկտրոնային հասցե տրամադրված լինելու դեպքում՝ այդ էլեկտրոնային հասցեին ծանուցագիր ուղարկելու միջոցով:
  2. Զորակոչի ենթակա քաղաքացիները պարտավոր են ծանուցման մեջ նշված ժամկետում ներկայանալ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ առավել մոտ զինվորական կոմիսարիատ, որի դեպքում քաղաքացու ներկայացած զինվորական կոմիսարիատում ճշտվում է քաղաքացու կողմից իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու հետ կապված խնդիրը և ներկայանալու հնարավոր ժամկետը, որի վերաբերյալ գրավոր տեղեկացվում է քաղաքացու հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատին, ինչպես նաև համաձայնեցնելով այդ զինվորական կոմիսարիատի հետ՝ քաղաքացուն փաստաթղթային եղանակով տրամադրում է նոր ծանուցագիր՝ վերջինիս հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու մասին:
  3. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառված և զորակոչի ենթակա (այդ թվում` տարկետման իրավունքը կորցրած կամ տարկետման ժամկետը լրացած) քաղաքացիներին հանրապետական զինկոմիսարիատի ծանուցման հիման վրա Հայաստանի Հանրապետության դիվանագիտական մարմնի կամ հյուպատոսական հիմնարկի կողմից սույն կարգի 8-րդ կետում սահմանված եղանակով և կարգով ստորագրությամբ կամ էլեկտրոնային կապի միջոցով հանձնվում է ծանուցագիր հանրապետական զինկոմիսարիատ ներկայանալու մասին` համապատասխանաբար մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը և նոյեմբերի 1-ը: Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական մարմինը կամ հյուպատոսական հիմնարկը զինապարտին ծանուցելու մասին տեղեկատվությունը և ծանուցված քաղաքացիների ցուցակները մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը և նոյեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատ:
  4. Զորակոչի ենթակա քաղաքացիներին ծանուցագրում նշված վայր ներկայանալիս դիմավորում է զինվորական կոմիսարիատի անձնակազմից նշանակված պատասխանատուն կամ հերթապահը, որը բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները և համաձայն ցուցակի վարում ներկայացածների հաշվառում:
  5. Զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի համապատասխան պաշտոնատար անձը զորակոչի ենթակա քաղաքացիներին պարզաբանում է նրանց պարտականությունները և ստուգում փաստաթղթերի առկայությունը:
  6. Զորակոչիկի անձնական գործում առկա փաստաթղթերը ստուգելուց հետո զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի աշխատակիցը ճշտում է զորակոչիկի ընտանեկան դրությունը, առողջական վիճակը, կրթությունը, մասնագիտությունը, պարզաբանում է այլ հարցեր՝ կապված զորակոչիկի անձնական տվյալների ուսումնասիրության հետ:
  7. Զինվորական կոմիսարները պարտավոր են անձամբ հսկել զորակոչիկների ներկայանալը և միջոցներ ձեռնարկել զորակոչիկների չներկայանալու պատճառների բացահայտման ուղղությամբ: Զինվորական կոմիսարիատ կամ առողջական վիճակի հետազոտում կամ բժշկական փորձաքննություն իրականացնող մարմին չներկայացած զորակոչիկների տվյալները 3 աշխատանքային օրվա ընթացքում հաղորդվում են ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ նրանց հայտնաբերելու և համապատասխան զինվորական կոմիսարիատ ներկայացնելու հարցում աջակցության համար: Հարգելի պատճառներով զինվորական կոմիսարիատ կամ առողջական վիճակի հետազոտում կամ բժշկական փորձաքննություն իրականացնող մարմին չներկայացած զորակոչիկների համար նշանակվում է ներկայացման մեկ ուրիշ օր:
  8. Զորակոչի ենթակա անձանց վերաբերյալ օրենքով սահմանված որոշումներ կայացնելու, ինչպես նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողներին ծառայության վայրեր նշանակելու գործընթացն ապահովելու նպատակով զինվորական կոմիսարիատներում իրականացվում է զորակոչիկների անձնական տվյալների ուսումնասիրություն՝ ճշտվում են նրանց ընտանեկան պայմանները (համաձայն ձև N 3), ստացած կրթությունը, զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը, օրենքով սահմանված այլ պայմաններ: Ուսումնասիրության արդյունքները ծանոթացվում են տվյալների սուբյեկտին, ով կարող է համապատասխան դիտողություններ և առարկություններ ներկայացնել փաստաթղթում արձանագրված տվյալների ճշգրտության վերաբերյալ:
  9. Զորակոչի ենթակա քաղաքացիների անձնական տվյալների ուսումնասի­րությունը սկսվում է զինվորական հաշվառումից և շարունակվում է մինչև պարտադիր զինվորական ծառայության զորակոչը: Այդ աշխատանքներն իրականացվում են զինվորական կոմիսարի անմիջական ղեկավարությամբ:
  10. Զորակոչիկների անձնական տվյալների ուսումնասիրությունն իրականացվում է.

  1) զորակոչիկների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ անմիջական զրույցի միջոցով,

  2) զորակոչիկի վերաբերյալ անձնական գործում առկա փաստաթղթերն ուսումնասիրելու միջոցով,

3) անհրաժեշտության դեպքում այլ իրավասու մարմինների հարցումներ կատարելու միջոցով:

  1. Անձնական տվյալների ուսումնասիրության ընթացքում ճշտված տեղեկատվությունը լրացվում է ուսումնասիրման թերթիկում, որը հաստատվում է ուսումնասիրություն անցկացնող պաշտոնատար անձի և զորակոչիկի կամ նրա օրինական ներկայացուցչի ստորագրություններով՝ նշելով ուսումնասիրություն կատարողի անուն, ազգանուն, ինչպես նաև ուսումնասիրությունը կատարելու օրը, ամիսը, տարին:
  2. Հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զինվորական կոմիսարիատները պարտադիր ապահովում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1675-Ն, 2018 թվականի ապրիլի 12-ի NN 430-Ն, 450-Ն, 451-Ն և 457-Ն որոշումների համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի, կազմակերպվող սպայական դասընթացների և ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության պայմանների վերաբերյալ զորակոչիկների իրազեկումը, այդ ծրագրերին, սպայական դասընթացներին ու ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությանը մասնակցելու ցանկություն հայտնած զորակոչիկների հաշվառումը և օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացումը:

  1. ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

  1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերի կազմակերպումն ապահովող մարմիններ են հանդիսանում.

1) զինվորական կոմիսարիատը,

2) մարզային զորակոչային հանձնաժողովը,

3) հանրապետական զորակոչային հանձնաժողովը:

  1. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԸ

  1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերի պատշաճ իրականացման համար պատասխանատու է համապատասխան զինվորական կոմիսարիատը, որի շրջանակներում զինվորական կոմիսարը՝

1) անհրաժեշտ փաստաթղթերը և տվյալները զինվորական կոմիսարիատ ներկայացվելուց հետո, նախապես կազմված ժամանակացույցի համաձայն, կազմակերպում է զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի նախնական եւ անհրաժեշտ այլ հետազոտությունների ուղեգրման գործընթացը.

2) կայացնում է որոշում (համաձայն ձև N 4) Օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմք չունեցող քաղաքացուն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու մասին՝ զորակոչի վերաբերյալ տվյալները եռօրյա ժամկետում գրանցելով զորակոչիկների վերաբերյալ կայացված որոշումների հաշվառման մատյանում (համաձայն ձև N 5) և որոշման պատճենը տրամադրելով քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին՝ Օրենքով սահմանված իրավունքից օգտվելու դեպքում վերջինիս ծանուցելով իր իրավունքների մասին (համաձայն ձև N 6 և 6.1)

3) նախապատրաստում եւ նախնական եզրակացությամբ մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողով է ներկայացնում Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաեւ 73-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` քաղաքացու՝ գիտական աստիճան ունենալու եւ մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ փաստաթղթերը և զորակոչիկի անձնական գործը՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ եզրակացություն կայացնելու համար (համաձայն ձև N 7).

4) նախապատրաստում եւ նախնական եզրակացությամբ մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողով է ներկայացնում Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, ինչպես նաև 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ փաստաթղթերը և զորակոչիկի անձնական գործը՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու վերաբերյալ եզրակացություն կայացնելու համար (համաձայն ձև N 8).

5) նախապատրաստում եւ ոչ ուշ, քան զորակոչն ավարտելու օրվան նախորդող 30-րդ օրը նախնական եզրակացությամբ մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողով է ներկայացնում Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանգամանքների վերաբերյալ փաստաթղթերը՝ հանրապետական զորակոչային հանձնաժողով առաջարկություն ներկայացնելու համար (համաձայն ձև N 9).

6) իրավասու բժշկական հանձնաժողով է ներկայացնում զորակոչի ենթակա և առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների նախնական եւ այլ հետազոտությունները, նրանց առողջական վիճակի վերաբերյալ առկա այլ փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով բժշկական փորձաքննություն իրականացնելու և պիտանիության վերաբերյալ եզրակացություն կայացնելու համար.

7) զորակոչիկների վերաբերյալ սույն որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանները ստանալուց հետո եռօրյա ժամկետում ապահովում է դրանց գրանցումը զորակոչիկների վերաբերյալ կայացված որոշումների հաշվառման մատյանում և համապատասխան գրառումների կատարումը զորակոչիկների այբբենական հաշվառման գրքերում.

8) զորակոչի ավարտից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին է ներկայացնում հաշվետվություններ՝ տվյալ տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1675-Ն, 2018 թվականի ապրիլի 12-ի NN 430-Ն, 450-Ն, 451-Ն և 457-Ն որոշումների համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի, կազմակերպվող սպայական դասընթացների և ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության ապահովման, զորակոչված կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ տարկետում ստացած, կամ զորակոչից խուսափած քաղաքացիների վերաբերյալ, որոնք 5 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփվում են և Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարի կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:

  1. Օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու հիմքը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով և դրանց պատճեններով: Եթե պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու հիմքը հաստատող փաստաթղթերը հանդիսանում են օտարերկրյա պետությունում տրված փաստաթղթեր, ապա դրանք պետք է ներկայացվեն նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ: Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու հիմքը հաստատող բնօրինակ փաստաթղթերը համեմատվում են դրանց պատճենների հետ, որից հետո բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են քաղաքացուն:
  2. Օրենքով սահմանված այն դեպքերում, երբ քաղաքացին իրավունք ունի հրաժարվել իր ունեցած տարկետման իրավունքից կամ ստացած տարկետումից և ցանկություն է հայտնում զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության, ապա այդ մասին դիմում է ներկայացնում իր զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ: Դիմումը սահմանված կարգով գրանցվելուց հետո տվյալ քաղաքացին ընդգրկվում է զորակոչի ենթակա անձանց ցուցակում, նրա անձնական գործը տեղափոխվում է հաշվառման նախապես կազմված քարտադարան և նրա զորակոչի գործընթացն իրականացվում է ընդհանուր հիմունքներով՝ սույն Կարգի պահանջներին համապատասխան:
  3. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառված և զորակոչի ենթակա (այդ թվում` տարկետման իրավունքը կորցրած կամ տարկետման ժամկետը լրացած) քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կամ զորակոչից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարի կարգադրությամբ իրականացվում է համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից՝ սույն կարգի պահանջներին համապատասխան:

  1. ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

(Մ(Ե)ԶՀ)

  1. Մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովը զինվորական ծառայության զորակոչերի կազմակերպումն ապահովող մարմին է, որը ստեղծվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Մ(Ե)ԶՀ-ի կազմում ընդգրկվում է հանձնաժողովի նախագահը, առնվազն 3 անդամները և քարտուղարը: Մ(Ե)ԶՀ-ի անդամ չի կարող նշանակվել հանրապետական զորակոչային հանձնաժողովի անդամ նշանակված անձը: Մ(Ե)ԶՀ-ն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Մ(Ե)ԶՀ-ի կողմից եզրակացություններն ընդունվում են բաց քվեարկությամբ և ձայների պարզ մեծամասնությամբ: Մ(Ե)ԶՀ-ի աշխատանքներն արձանագրվում են մատյանում, որի լրացման համար պատասխանատու է հանձնաժողովի քարտուղարը: Ընդունված եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամն իրավունք ունի ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է եզրակացությանը:
  2. Մ(Ե)ԶՀ-ն.

1) զինվորական կոմիսարիատից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում եզրակացություն է կայացնում Օրենքի  21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով, ինչպես նաեւ Օրենքի 73-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` քաղաքացու՝ գիտական աստիճան ունենալու եւ մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ զբաղվելու հիմքով քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին, որից հետո ներկայացված փաստաթղթերը և եզրակացությունը եռօրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին.

2) զինվորական կոմիսարիատից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում եզրակացություն է կայացնում Օրենքի   22-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, ինչպես նաև Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերով քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին, որից հետո ներկայացված փաստաթղթերը և եզրակացությունը եռօրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին.

3) զինվորական կոմիսարիատից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան համապատասխան զորակոչն ավարտելու օրվան նախորդող 20-րդ օրը հանրապետական զորակոչային հանձնաժողով է ներկայացնում առաջարկություն Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կամ քաղաքացու դիմումը մերժելու վերաբերյալ.

4) կայացված եզրակացությունները, դրանց կայացման օրվանից 3-օրյա ժամկետում, տրամադրում է քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին:

VII. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

(ՀԶՀ)

  1. Հանրապետական զորակոչային հանձնաժողովը պարտադիր զինվորական ծառայության զորակոչերի կազմակերպումն ապահովող մարմին է, որի անհատական կազմը հաստատվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: ՀԶՀ-ի կազմում ընդգրկվում է հանձնաժողովի նախագահը, առնվազն 3 անդամները և քարտուղարը: ՀԶՀ-ի անդամ չի կարող նշանակվել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի անդամ նշանակված անձը: ՀԶՀ-ն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Նիստը համարվում է կայացած, եթե ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելի: ՀԶՀ-ի կողմից եզրակացություններն ընդունվում են բաց քվեարկությամբ և ձայների պարզ մեծամասնությամբ: ՀԶՀ-ի աշխատանքներն արձանագրվում են մատյանում, որի լրացման համար պատասխանատու է հանձնաժողովի քարտուղարը: Ընդունված եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամն իրավունք ունի ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է եզրակացությանը:
  2. ՀԶՀ-ն.

1) իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություններն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում եզրակացություն է կայացնում (համաձայն ձև N 10) Օրենքի  21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով և 23-րդ հոդվածի 2-րդ ու 3-րդ մասերով նախատեսված դեպքերում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին և եզրակացությունը եռօրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին.

2) իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություններն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում եզրակացություն է կայացնում (համաձայն ձև N 11) Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով և ժամկետներում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին և եզրակացությունը եռօրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին.

3) Մ(Ե)ԶՀ-ից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան զորակոչն ավարտելու օրվան նախորդող 10-րդ օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին է ներկայացնում եզրակացություն (համաձայն ձև N 12)՝ Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կամ քաղաքացու դիմումը մերժելու վերաբերյալ.

4) կայացված եզրակացությունները, դրանց կայացման օրվանից 3-օրյա ժամկետում, տրամադրում է քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին.

5) քննարկում է մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների, ինչպես նաեւ իրավասու բժշկական հանձնաժողովների եւ զինվորական կոմիսարիատների (զինվորական կոմիսարների) գործունեության կամ կայացրած եզրակացությունների (որոշումների) վերաբերյալ ներկայացված առաջարկությունները, բացատրությունները, առարկությունները կամ բողոքները և քննարկման արդյունքների մասին 10 աշխատանքային օրվա ընթացքում հայտնում է դիմումատուին:

  1. ՄԶՀ-ի և ՀԶՀ-ի եզրակացություններն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան զորակոչն ավարտելու օրվան նախորդող 5-րդ օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով քաղաքացիներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատում կամ մերժվում է տարկետումների կամ ազատումների տրամադրումը:

VIII.  ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ

  1. Սույն կարգի 21-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված որոշումը կայացնելուց հետո զինվորական կոմիսարիատը քաղաքացուն փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով (համաձայն ձև N 13) ծանուցում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտավորության մասին՝ ծանուցման մեջ նշելով ներկայանալու ժամկետը: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող զորակոչիկները տեղեկացվում են հանրապետական հավաքակայան ներկայացվելու համար զինկոմիսարիատ ներկայանալու ժամանակի, հավաքակայանում թույլատրելի առարկաների և պարագաների, զինծառայող համարվելու ժամանակի, դրանից բխող իրավունքների և պարտականությունների մասին:
  2. Ծանուցագրում նշված օրը զինվորական կոմիսարիատ ներկայանալիս զինվորական կոմիսարիատում ստուգվում է զինվորական ծառայության զորակոչվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը: Մասնավորապես ստուգվում են. զորակոչիկների անձնական գործերը, զինգրքույկները, հաշվեծառայողական քարտերը (ՀԾՔ-երը)՝ հանրային ծառայությունների համարանիշի պարտադիր գրառմամբ, իսկ հանրային ծառայությունների համարանիշ ստացած չլինելու դեպքում՝ այդ մասին իրավասու պետական մարմնի կողմից տրված տեղեկանքը, վիճակահանության թերթիկները (զինվորական կոմիսարիատների կողմից լրացված և կնիքով հաստատված), <<Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկները>> (զորակոչիկների կողմից իրենց առողջական վիճակի վերաբերյալ անձամբ լրացված գնահատականներով), բժշկական գրքույկները` լրացված և ստորագրված զինկոմիսարիատի բժշկի (ԶԲՀ-ի կամ ԱՊ ԶԲՀ-ի պատասխանատու անձի) կողմից` նախկինում զորակոչիկների տարած վարակիչ հիվանդությունների, կատարված կանխարգելիչ պատվաստումների և դրանց հակացուցումների վերաբերյալ տեղեկատվությամբ, զինված ուժերի համար պատրաստված կրտսեր մասնագետների համար` վարորդական իրավունքի և պաշտպանական բնույթի հասարակական կազմակերպություններում դասընթացներ ավարտած լինելու վկայականների առկայությունը, ՀԾՔ-ի համապատասխան սյունակում կատարված նշումները` Օրենքով նախատեսված արտոնություններից օգտվելու մասին և դրանց վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը` հաստատված զինվորական կոմիսարի կնիքով:
  3. Զինվորական կոմիսարիատ ներկայացած զորակոչիկներին հանրապետական հավաքակայան ներկայացնելու համար կազմվում է անվանացուցակ (համաձայն ձև N 14), որը հաստատվում է զինվորական կոմիսարի ստորագրությամբ և կնիքով:
  4. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի համաձայն հայտարարված զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներին հանրապետական հավաքակայանում կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ (բացառությամբ Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նշված քաղաքացիների) ըստ զորամասերի ծառայության նշանակման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով: Հանրապետական հավաքակայանում ուսումնասիրվում են հանրապետական հավաքակայան ներկայացված քաղաքացիների վերաբերյալ սույն կարգի 31-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների առկայությունը, ինչպես նաև առողջական վիճակը, որի արդյունքներով անհրաժեշտ փաստաթղթերի և/կամ տեղեկությունների ոչ լիարժեք լինելու կամ քաղաքացու առողջական վիճակը զորակոչվելու համար խոչընդոտ հանդիսանալու դեպքում քաղաքացին կարող է հետ վերադարձվել զինվորական կոմիսարիատ:
  5. Պարտադիր զինծառայողների՝ ըստ զորմասերի ծառայության նշանակվելուց հետո զինված ուժերի գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչությունը համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ է ուղարկում զորակոչված անձանց անվանացուցակը՝ նշանակված զորամասերի պայմանական համարների գրառումներով: Ստացված անվանացուցակները տարածքային զինվորական կոմիսարիատներն անհապաղ փակցնում են քաղաքացիների համար տեսանելի վայրերում:
  6. Հաստատված ցուցակների հիման վրա զորակոչիկների անձնական գործերում և այբբենական հաշվառման գրքերում կատարվում է գրառում զինված ուժեր զորակոչվելու մասին՝ նշելով զորակոչի օրը, ամիսը, տարին և զորամասի պայմանական համարը:
  7. Հերթական զորակոչի ավարտից հետո զինվորական կոմիսարի հանձնարարությամբ զորակոչի բաժանմունքի պետը ստուգում է զորակոչիկների անձնական գործերի և նրանց վերաբերյալ կայացված որոշումների (եզրակացությունների), անհրաժեշտ գրառումների առկայությունը: Ստուգման արդյունքները արձանագրվում են, որը հաստատվում է զինվորական կոմիսարի ստորագրությամբ և կնիքով:
  8. Հայտարարված զորակոչի ընթացքում զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ զորակոչից խուսափած անձանց անձնական գործերի պատճենները, հաստատված զինվորական կոմիսարի կնիքով, զորակոչի ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան միջնորդությամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժին՝ միաժամանակ տեղեկացնելով համապատասխան կայազորային զինվորական դատախազությանը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել