Արդարադատության նախարարությունը «Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ է մշակել։ Նախագիծը վերաբերում է անձանց կալանավորման հարցին։
Հաշվի առնելով այն, որ դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ կալանք պատժատեսակը չի կիրառվում, նախագիծը հնարավորություն է ընձեռում այն դեպքերում, երբ Քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված ամենամեղմ պատժատեսակը կալանքն է, և դատարանը համաչափ չի համարել ազատազրկում պատժատեսակի կիրառումը, նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ:
Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ Սահմանադրական դատարանը 2018 թվականի փետրվարի 6-ի ՍԴՈ-1400 որոշմամբ անդրադարձել է քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել է Սահմանադրությանը համապատասպանող՝ իր որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:
Քրեական օրենսգրքի՝ «Կալանքը» վերտառությամբ 57-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է.
«Կալանքը չի նշանակվում դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ»:
Անշուշտ, մարդասիրական դրդումներով նախատեսված այս նորմը, իրավակիրառ պրակտիկայում հանգեցրել է որոշ խնդիրների:
Այսպիսով, օրենքի նախագծով նախատեսվում է Քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով՝
«3. Դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ կարող է նշանակվել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, եթե սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված ամենամեղմ պատժատեսակը կալանքն է:
Նման կարգավորումը հնարավորություն է տալիս դատարանին խուսափել այնպիսի իրավիճակներից,
- երբ 57-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով չկարողանալով կիրառել կալանք պատժատեսակը, ստիպված էր լինում կիրառել ավելի խիստ պատժատեսակ՝ ազատազրկում՝ դրանով իսկ ի չիք դարձնելով նշված մարդասիրական նորմի հետապնդած նպատակը, կամ
- երբ, ղեկավարվելով Սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով (ՀՀ Սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաև նշանակված պատժատեսակը և պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին) ազատազրկում պատժատեսակի նշանակումը կոնկրետ գործով ոչ համաչափ գնահատելու դեպքում դատարանին ոչինչ չէր մնում, քան Օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նշանակել նախատեսվածից մեղմ պատիժ՝ անգամ դրա հիմքերի բացակայության դեպքում անձի իրավունքների խախտում թույլ չտալու նպատակով:
Նախատեսվող կարգավորումը ազատազրկում պատժատեսակի կիրառումը ոչ համաչափ համարելու դեպքում դատարանին օրենսդրորեն հնարավորություն է ընձեռում նշանակել ավելի մեղմ պատժատեսակ: