Ըստ ՀՀ դատական օրենսգրքի` դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելու արդյունքում Արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.
1) նախազգուշացում.
2) նկատողություն, որը զուգորդվում է` դատավորին 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով.
3) խիստ նկատողություն, որը զուգորդվում է` դատավորին 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով.
4) դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը:
2012 թվականին Արդարադատության խորհուրդը կարգապահական պատասխանատվության է ենթարկել 22 դատավորների: Թե ովքե˚ր են այդ դատավորները և ի˚նչ հիմքով են ենթարկվել կարգապահական պատասխանատվության, ներկայացնում ենք ստորև:
Սուրեն Բաղդասարյանը 2000 թվականից աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Խորհուրդը որոշել է, որ, արդարադատություն իրականացնելիս, դատարանի դատավոր Ս. Բաղդասարյանը թույլ է տվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է: Արդարադատության խորհուրդը որոշել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանին հայտարարել նախազգուշացում:
Արմեն Խաչատրյանը 2010 թվականից աշխատում է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Խորհուրդը որոշել է, որ, արդարադատություն իրականացնելիս, դատարանի դատավոր Ա. Խաչատրյանը, ամբաստանյալի նկատմամբ նշանակելով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ, թույլ է տվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է: Նրան հայտարարվել է նախազգուշացում:
Մանվել Սիմոնյանը 1999 թվականից աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Խորհուրդը որոշել է, որ Մանվել Սիմոնյանը թիվ ԱՐԴ/0064/06/12 և թիվ ԱՐԴ/0065/06/12 դատական գործերով խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև ընտրված խափանման միջոցը փոփոխելու հարցերը քննարկելիս չի դրսևորել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն` չապահովելով ՀՀ քրեական օրենսգրքի դրույթների պատշաճ իմացություն: Դատարանի դատավոր Մ. Սիմոնյանը թույլ է տվել վարքագծի կանոնների կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում: Արդարադատության խորհուրդը որոշել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Սիմոնյանին հայտարարել նախազգուշացում:
Գագիկ Հեբոյանը 1999 թվականից աշխատում է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Խորհուրդն արձանագրել է, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է համարվում այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն դատական ակտ` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ և կարող է համոզված լինել, որ խոչընդոտներ չեն ստեղծվի այդ դատական ակտի կատարման առնչությամբ, ինչը թիվ ԿԴ3/0129/02/11 և թիվ ԿԴ3/0151/02/11 քաղաքացիական գործերի պարագայում բացակայում է, քանի որ Դատարանը միևնույն 12 գույքի վերաբերյալ ընդամենը մեկ օրվա տարբերությամբ կայացրել է իրար հակասող դատական ակտեր: Խորհուրդը որոշել է, որ, արդարադատություն իրականացնելիս, Դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը թույլ է տվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին հայտարարել են նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
Աիդա Դավթյանը 1999 թվականից աշխատում է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր։ Ըստ Արդարադատության խորհրդի հիմնավորման` ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 28-րդ կետի համաձայն` Երևան քաղաքում գտնվող բազմաբնակարան շենքի ծավալում կատարված ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական Երևանի քաղաքապետի որոշմամբ: Այսինքն` նշված լիազորությունը վերապահված է Երևանի քաղաքապետին, ուստի Դատարանը, առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածով, պետք է Երևանի քաղաքապետարանին ներգրավեր որպես պատասխանող: Մինչդեռ, Դատարանը, իրականացնելով Երևանի քաղաքապետին օրենքով վերապահված լիազորություն, վճիռ է կայացրել վերջինիս իրավունքների և պարտականությունների վերաբերյալ` առանց վերջինիս որևէ կերպ դատաքննությանը ներգրավելու:
Խորհուրդը որոշել է, որ, արդարադատություն իրականացնելիս, Դատարանի դատավոր Ա. Դավթյանը, դուրս գալով օրենքով սահմանված լիազորությունների սահմաններից, թույլ է տվել նյութական և դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:
Աիդա Դավթյանին հայտարարել են նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
Ռուբեն Ափինյանը 2008 թվականից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր է։ Խորհուրդը գտնել է, որ Դատարանը, կարճելով գործի վարույթը, խախտել է հայցվորների` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը:
Դատավոր Ռուբեն Ափինյանին հայտարարել են նախազգուշացում:
Ամրահի Պետրոսյանը, Կարեն Չիլինգարյանը, Արմեն Թումանյանը ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ են: 2012 թվականի օգոստոսի 24-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Ա. Պետրոսյանի, Ա. Թումանյանի և Կ. Չիլինգարյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, խորհուրդը գտել է, որ արդարադատություն իրականացնելիս Դատարանի դատավորներ Ա. Պետրոսյանը, Ա. Թումանյանը և Կ. Չիլինգարյանը, վերաքննիչ բողոքը մերժելով, թույլ են տվել նյութական և դատավարական օրենքների նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:
Խորhուրդը, Դատարանի դատավոր Կ. Չիլինգարյանի համար կարգապահական պատասխանատվության տեսակի ընտրության հարցում հաշվի է առնել նաև այն հանգամանքը, որ նրան մեկ այլ գործով` Արդարադատության խորհրդի 2011 թվականի հունիսի 3-ի թիվ ԱԽ-11-Ո-14 որոշմամբ, հայտարարվել է նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով, իսկ Ա. Պետրոսյանին և Ա. Թումանյանին հայտարարվել է նախազգուշացում:
Ալեքսանդր Մերանգուլյանը 2008 թվականից Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։
Արդարադատություն իրականացնելիս` Դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանը, բավարարելով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին պատասխանողի միջնորդությունը և ձեռնարկելով ՀՀ քաղաքացիական 13 դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հայցի ապահովման միջոցը, թույլ է տվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում:
Դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանին հայտարարել են խիստ նկատողություն` զուգորդված 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
Գոհարիկ Խաչատրյանը 2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Ըստ Խորհրդի` Դատարանի դատավոր Գ. Խաչատրյանը թույլ է տվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, քանի որ պատշաճ չի հետազոտել և գնահատել գործում առկա ապացույցները, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը հաստատված է համարել թույլատրելի ապացույցների բացակայությամբ, չի ապահովել գործի քննության ժամանակ գործող օրենսդրության պատշաճ իմացություն:
Արդարադատության խորհուրդը Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գոհարիկ Խաչատրյանին հայտարարել է նախազգուշացում:
Վլադիմիր Գրիգորյանը 2009 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Խորհուրդը, քննարկելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, նշել է, որ դատավոր Վլադիմիր Գրիգորյանը, դուրս գալով իր լիազորությունների սահմաններից և Համաներման ակտով նախատեսված ուղղակի արգելքի պայմաններում Սերոբ Մխիթարյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելով, թույլ է տվել նյութական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:Դդատավոր Վլադիմիր Գրիգորյանին հայտարարել են նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
Վարդան Գրիգորյանը 2006 թվականից աշխատում է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Խորհուրդն արձանագրել է, որ Դատարանի կողմից 2011 թվականի օգոստոսի 11-ին դատավճիռ կայացնելու պահին Կ.Թադևոսյանի նկատմամբ Համաներման ակտի 2-րդ կետի 4-րդ ենթակետը կիրառելի չէր: Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Խորհուրդը եզրահանգել է, որ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում: Վարդան Գրիգորյանին հայտարարել են նախազգուշացում:
Մհեր Արղամանյանը, Մանուշակ Պետրոսյանը, Գրիշա Մելիք-Սարգսյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում աշխատում են որպես դատավորներ:
Խորհուրդը, քննության առնելով նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, գտել է, որ դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից և քննարկման առարկա դարձնելով Ա. Խուրշուդյանի նկատմամբ նշանակված պատժի համաչափության հարցը, ինչպես նաև Դատարանում արված մեղադրողի միջնորդության հիման վրա Ա. Խուրշուդյանի նկատմամբ պատիժ նշանակելով տուգանքի ձևով, Դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի և 381-րդ հոդվածի 3-րդ մասի խախտումներ: Նշված խախտումները Խորհուրդը գնահատում է որպես քրեադատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումներ:
Խորhուրդը, Վերաքննիչ դատարանի դատավոր Մ. Արղամանյանի համար կարգապահական պատասխանատվության տեսակի ընտրության հարցում հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ նրան մեկ այլ գործով` Արդարադատության խորհրդի 2011 թվականի ապրիլի 22-ի թիվ ԱԽ-8-Ո-11 որոշմամբ հայտարարվել է նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մ. Պետրոսյանին և Գ. Մելիք-Սարգսյանին հայտարարել են նախազգուշացում: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մ. Արղամանյանին հայտարարել են նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
Լեռնիկ Աթանեսյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր է աշխատում 1999 թվականից։ Նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում խորհուրդը որոշել է, որ դատավոր Լ. Աթանյանի կողմից թույլ տրված օրինականության սկզբունքի խախտման արդյունքում, Համաներման ակտով նախատեսված ուղղակի արգելքի պայմաններում Դատարանը դատապարտյալ Տարոն Գալուստովի նկատմամբ կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության 6 հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշումը, որը կիրառելի չէր: Խորհուրդը Լ. Աթանյանն հայտարարել է խիստ նկատողություն` զուգորդված 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
Լևոն Ավետիսյանը 2008 թվականից առ այսօր աշխատում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում Խորհուրդը գտել է, որ դատավոր Լ. Ավետիսյանը Համաներման ակտով նախատեսված սահմանափակումներն անտեսելու հետևանքով խախտել է համաներում կիրառելու կարգը, քանի որ Արթուր Խուրշուդյանի և Վահագն Սարգսյանի նկատմամμ կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամμ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշման համապատասխանաμար 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, որոնք կիրառելի չէին վերջիններիս նկատմամբ: Միևնույն ժամանակ Խորհուրդը փաստում է, որ թե’ Արթուր Խուրշուդյանի, թե’ Վահագն Սարգսյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելի է եղել:
Արդարադատության խորհուրդը Լ. Ավետիսյանին հայտարարել է նկատողություն` զուգորդված 6ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
Ռաֆիկ Մելքոնյանը 2006 թվականից աշխատում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Քննելով կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը` Խորհուրդը նշել է, որ Դատարանի կողմից թույլ տրված օրինականության սկզբունքի խախտման արդյունքում, Համաներման ակտով նախատեսված ուղղակի արգելքի պայմաններում Դատարանը Ռիմա Դավթյանի նկատմամμ կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշումը, որը կիրառելի չէր:
ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ. Մելքոնյանին հայտարարվել է խիստ նկատողություն` զուգորդված 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
Սերգեյ Աղաբեկյանը 2001 թվականից առ այսօր աշխատում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Թիվ 1 կայազորի զինվորական դատախազ Հ. Պողոսյանը 24.06.2011թ. մինչև 15.07.2011թ. ներառյալ գտնվել է ամենամյա հերթական արձակուրդի մեջ և 27.06.2011թ. կայացած դատական նիստին ներկա չի գտնվել: Չնայած դրան` Դատարանը նշված օրը կայացված որոշման մեջ հիշատակել է դատախազ Հ.Պողոսյանի անունը` որպես գործին մասնակցող դատախազ: Փաստորեն, դատավոր Ս. Աղաբեկյանը դատական նիստին դատախազ Հ. Պողոսյանին մասնակից չդարձնելու պայմաններում Դատարանի 27.06.2011թ. կայացված որոշման մեջ նրա անունը հիշատակելով, թույլ է տվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում:
Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը գտնում է, որ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Աղաբեկյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական և դատավարական օրենքների նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Աղաբեկյանին հայտարարել խիստ նկատողություն` զուգորդված 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
Տիգրան Պետրոսյանը 1999 թվականից առ այսօր զբաղեցնում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը։ Խորհուրդի փոխանցմամբ` դատավոր Տ. Պետրոսյանը Արթուր Գալստյանի նկատմամբ կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, որը կիրառելի չէր վերջինիս նկատմամբ:
Խորհուրդը փաստում է նաև այն, որ դատապարտյալ Արթուր Գալստյանի նկատմամբ 23.06.2009թ. դատավճռով սահմանված երկու տարի փորձաշրջանի ժամկետը 14.06.2011թ. որոշման կայացման օրվա դրությամբ մոտ է եղել ավարտին:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը գտել է, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Տ. Պետրոսյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում: Դատավորին հայտարարել են նախազգուշացում:
Վահե Խալաթյանը 2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Խորհուրդը գտնում է, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վ. Խալաթյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում:Վ. Խալաթյանին հայտարարել են նախազգուշացում:
Տեղեկացնենք, որ Արդարադատության խորհրդի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Ի դեպ, եթե նկատողություն կամ խիստ նկատողություն ստանալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, իսկ նախազգուշացում ստանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, դատավորը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:
Նունե Հովսեփյան
Լուսանկարները` court.am-ի
Աղբյուրը` Իրավաբան.net