Հայաստանում շարունակում են գործել ԽՍՀՄ տարիներից տխուր ժառանգություն մնացած ՊԱԿ/КГБ-ի աշխատաոճով ուժեր. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունն հայտարարություն է տարածել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ապօրինի գաղտնալսման և ձայնագրության հրապարակման կապակցությամբ.

«Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում շարունակում են գործել ԽՍՀՄ տարիներից տխուր ժառանգություն մնացած ՊԱԿ/КГБ-ի աշխատաոճով ուժեր, որոնց գործունեությունն անհամատեղելի է օրինավոր, ժողովրդավարական հասարակարգ կերտելու հետ։ Մենք ևս մեկ անգամ հնչեցնում ենք թե՛ խորհրդային շրջանի գործակալական ցանցի և թե՛ Հայաստանի նորագույն պատմության մեջ կուսակցական համակարգում ապօրինի ներդրված կամ դրանցից հավաքագրված գործակալական ցանցի լյուստրացիայի անհրաժեշտության խնդիրը:

«Ժառանգությունը» շարունակում է աջակցել գործող կառավարությանը, այդ թվում՝ կոռուպցիայի հաղթահարման, տնտեսության ազատականացման ու հակամենաշնորհայնացման, 2008թ. մարտի 1-ի և նախկին իշխանությունների կատարած  պետական այլ չարաշահումների բացահայտման ու մեղավորներին արդարադատության առջև կանգնեցնելու գործում: Կատարվածը նաև հուշում է ԱԱԾ-ի՝ որպես Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին անվտանգությունը ապահովող պետական հիմնական կառույցի, արմատական բարեփոխման, դրանում կադրային համալիր փոփոխությունների կարևորության մասին: Հորդորում ենք իրավապահ մարմիններին՝ մինչև վերջ հետևողական լինել նշված ապօրինի գաղտնալսումը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության կանչելու գործում։

«Ժառանգությունը» միաժամանակ կոչ է անում կառավարության համապատասխան կառույցներին՝ պահպանել առավելագույն զսպվածություն և հանդարտություն, ձեռնպահ մնալ այնպիսի կտրուկ գործողություններից, որոնք կարող են հակասել քաղաքացիական ազատության սկզբունքներին, վնասել ներհասարակական համերաշխությանն ու ներդրումների համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը: Կուսակցությունը վերստին հիշեցնում ու պնդում է, որ միակուսակցականությանն ուղղված քայլերն անհամատեղելի են Համաժողովրդական պայքարի ոգուն և նպատակներին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել