ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ելույթ է ունեցել Դատախազների միջազգային ասոցիացիայի 23-րդ համաժողովում

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Յոհաննեսբուրգում ընթացող Դատախազների միջազգային ասոցիացիայի 23-րդ ամենամյա համաժողովին հանդես է եկել հաշվետվողականության և ինքնուրույնության սկզբունքների շրջանակներում դատախազական համակարգի կառավարման հիմնախնդիրների վերաբերյալ ելույթով:

Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից:

Արթուր Դավթյանը ողջունել և խիստ արդիական է համարել աշխարհում հանրային հաղորդակցության և քաղաքական ազդեցության տեխնոլոգիական զարգացման ներկայիս ժամանակաշրջանում դատախազական համակարգի անկախության ապահովման մարտահրավերը գլոբալ ֆորումի քննարկման առարկա դարձնելու հանգամանքը: Նա նշել է, որ ցանկացած երկրում արդյունավետ, վստահելի և լեգիտիմ արդարադատության համակարգի կայացման համար չափազանց կարևոր է քաղաքական և տարատեսակ այլ ճնշումներից, ներգործություններից դատախազական համակարգի պաշտպանվածության, քաղաքացիական վերահսկողության իրավական երաշխիքների ներդրումն ու գործադրման պայմանների ապահովումը, ընդհանրական միջազգային ստանդարտների տեղայնացումը:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ այս ուղղությամբ Հայաստանում վերջին մի քանի տարիներին իրականացվել են նշանակալի գործնական քայլեր: «Հայաստանում կատարված սահմանադրաիրավական բարեփոխումները կանխորոշել են դատախազության զարգացման ուղիները, իսկ 2017թ. ընդունված և այս տարվա ապրիլից ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ օրենքը ստեղծել է դատախազության համակարգային և գործառույթային անկախության, հաշվետվողականության շարունակական ամրապնդման իրավական հիմքեր, որոնք ներկայումս ստանում են գործնական կիրառություն: ՀՀ դատախազությունը շարունակում է պարբերաբար կատարելագործել վերոնշյալ սկզբունքների իրականացման մեխանիզմները, որոնք առանցքային նշանակություն ունեն դատախազության կայուն զարգացման համար»,-իր ելույթում նշել է Արթուր Դավթյանը:

Մանրամասն ներկայացվել են իրականացված բարեփոխումներով Հայաստանի դատախազության հաշվետվողականության, դատախազզության գործունեությանը միջամտելու անթույլատրելիության սկզբունքների իրագործման ներդրված կառուցակարգերը՝ սկսած ՀՀ գլխավոր դատախազին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու նոր ընթացակարգերից մինչև դատախազների թեկնածուներին ներկայացվող պահանջների, նրանց պաշտոնի նշանակման, պաշտոնեական առաջխաղացման, խրախոսման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու առավել թափանցիկ և հստակ լուծումները, հանցագործությունների քննությունների տարեկան արդյունքների հրապարակման, ԱԺ-ին դատախազության գործունեության մասին տարեկան հաղորդումներ ներկայացնելու օրենսդրական պահանջները:

Հարավաֆրիկյան Հնարապետությունում շարունակվող համաժողովի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը երկկող հանդիպումներ է ունեցել մի քանի երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ՝ քննարկելով իրավական փոխօգնության ոլորտում, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության սերտացման ուղղությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել