Այս պահին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետի ասուլիս է տալիս: Նա անդրադառնալու է այսօր համացանցում տարածված իր և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի գաղտնի ձայնագրությանը:
Արթուր Վանեցյանը, անդրադառնալով հարցին, ասաց, որ մանրակրկիտ քննություն կիրականացվի և կպարզվի ձայնագրության աղբյուրը ու թե ով է ձայնագրել այդ խոսակցությունը:
«Եթե չեմ սխալվում, գլխավոր դատախազությունում արդեն քրեկան գործ է հարուցվել և առաջիկայում կիմանանք մանրամասները: Խոսակցությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի հայտնի որոշումը կայացնելու օրը: Խոսակցությունը բոլորդ լսել եք, գիտեք՝ ինչի մասին է, ուղղակի ուզում եմ ասել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի առջև կանգնած էին ՀՀ երկրորդ նախագահը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պետք էր 100 տոկոս համոզված լինել, որ այդ հարցում որևէ թերացում և թերություն չկա: Նման քննարկում իմ եւ պարոն Խաչատրյանի միջև կայացել է ևւ եղել է զուտ իրավաբանական քննարկում»:
Իսկ Սասուն Խաչատրյանը հայտնեց, որ հանցանք է առանց մարդու թույլտվության տեղեկություններ հավաքելն ու հրապարակելը: Իսկ գաղտնի ձայնագրությունը միտված է իրենց ղեկավարած կառույցների գործունեությունը կասեցնելու. «Փորձում ենք վերադարձնել ժողովրդից թալանված միլիարդները, փորձում ենք պարզել եւ օրենքի դաշտ կանչել մարդասպաններին ու նրանց հովանավորներին: Ի՞նչ կարող են նրանք անել, սա ընդամենը մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց հավատացեք, որ մենք չենք կանգնելու եւ անելու ենք մեր գործը»:ա