Ձեռնպահ մնացեք սեփական պատկերացումներն ու տեսիլքները ուրիշին և ուրիշի գործունեությանը վերագրելու անհեռանկար գործելակերպից. ոստիկանություն

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել «Ժամանակ» օրաթերթը հրապարակման վերաբերյալ.

««Ժամանակ» օրաթերթը հրապարակել է ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի խոսքը Վլադիմիր Գասպարյանի առանձնատան գնի մասին և հեղինակը մտարկումների մի ամբողջ շարք կառուցել այդ «հիմքի» վրա:

Նախ ասենք, որ ոստիկանության պետի կողմից լրագրողի կոնկրե՛տ հարցին տրվել է կոնկրե՛տ պատասխան, և իրողությունը կիսատելով տպավորություն փոխելը զուտ լրագրողական հնարք է:

Երկրորդ. նույնպիսի հնարք է այդ կիսատությունն օգտագործելով` ոստիկանության կառույցի մասին անհիմն դատողություններ ու ոչ պակաս անփաստարկ եզրահանգում անելը:

Հայտնել ենք ու կրկնում ենք. ոստիկանությունը գործում է իր բնականոն ռեժիմով բոլոր ոլորտներում` հասարակակն կարգի ապահովման, հանցավորության դեմ պայքարի, կադրային, կազմակերպչական, նաև` բարոյահոգեբանական մթնոլորտի պահպանման ու ամրապնդման:

Ոստիկանությունը նույնքան բնականոն պատրաստվում է առաջիկա համապետական խոշոր միջոցառումներին` Երևանի ավագանու ընտրություններ, մայրաքաղաքի 2800-ամյակի հանդիսություններ, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով, ՏԻՄ ընտրություններ և այլն, որոնց ընթացքում իրացնելու է ոչ միայն իր լիազորությունները, այլև հասարակության ակնհայտ հավատն ու վստահությունը:

Աշխատանային այս լիարժեք ռեժիմը գործունեության ուղեցույց ու կերպ ունենալով` իհարկե կարելի էր և չարձագանքել լրագրողական հնարանքներին, բայց չենք կարող, քանի որ դրանցով վտանգվում է ընթերցողի` արժանահավատ տեղեկատվություն ստանալու իրավունքը:

Ուստի` խնդրանք մեր գործընկերներին. ձեռնպահ մնացեք սեփական պատկերացումներն ու տեսիլքները ուրիշին և ուրիշի գործունեությանը վերագրելու անհեռանկար գործելակերպից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել