Սեպտեմբերի 6-ի կառավարության նիստի ժամանակ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գործադիրի անդամներին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին նախագիծը։
Արդարադատության նախարարը նշեց, որ այսօր հափշտակության պարահայում, երբ դրա չափը չի գերազանցում 5000 դրամը, չի դիտվում որպես զգալի չափ և դրա համար պատասխանատվության տեսակը և չափը տարբերակված է։
«Եթե հափշտակությունը կատարվել է բնակարանից կամ մի խումբ անձանց կողմից, ևս տարբերակված մոտեցում չկա, մենք առաջարկում ենք, որպեսզի դա պայմանավորված չլինի զգալի չափով՝ 5000 դրամով և պատասխանատվություն վրա հասնի, քանի որ դրա վտանգավորթության աստիճանը բարձր է, որովհետև բնակարանից գողություն անողը նախապես չի պլանավորել, որ գողանալու է մինչև 5000 դրամ գումար, այլ իր կամքից անկախ հանգամանքներում, եթե գտել է ընդամենը 5000 դրամի չափի արժեք և դա է գողացել, դրանից վտանգավորության աստիճանը չի փոխվում»,-ասաց Արտակ Զեյնալյանը։
Առաջարկվում է նաև քրեականացնել գրպանահատությունը։
«Գողության դեպքերի կեսից ավելին իրականացվում է ավտոտրանսպորտային միջոցներից և քաղաքացիների գրպանից, հասարակական տրանսպորտում դրանք կազմում են շուրջ 65 տոկոս և դրանց չափը, որպես կանոն, չի գերազանցում 50 հազար դրամը»,-նշեց նախարարը։
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2014 թվականի գրապանահատության եղանակով գողության դեպքերը կազմել են ընդահնուր թվի 24,2 տոկոսը, 2015-ին՝ 365 տոկոսը, 2016 թ-ին՝ 39,4 տոկոսը և 2017 թ-ին՝ 34,1 տոկոս։
Այս անձիք նախաքննության փուլում չեն կալանավորվում և մնում են հասարակության մեջ։ Նախարարը նշեց, որ դեպքեր են եղել, երբ նույն անձը 121 անգամ գրպանահատություն է արել։