Կառավարությունը որոշում կընդունի երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 3 անգամ ավելացնելու մասին

Սեպտեմբերի 6-ին կայանալիք կառավարության նիստի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը գործադիրի անդամներին կներկայացնի Կառավարության 2014 թվականի մարտի 6-ի համար 275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, որով սահմանված է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, նպաստ նշանակելու և վճարելու կարգը և այլն:

Նախատեսվում է, երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի` երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 50 հազար դրամի փոխարեն սահմանել 150 հազար դրամ։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկության հիմքում դրված է ժողովրդագրական վիճակի բարելավումը, որը կնպաստի ծնելիության աճին:

Այս նախագիծն ընդունվելու դեպքում 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ` գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների էական ավելացում չի նախատեսվում, իսկ ծախսերը կավելանան շուրջ 375 միլիոն դրամով, իսկ 2019թ և հետագա տարիներին` տարեկան շուրջ 1.5 միլիարդ դրամ: Անհրաժեշտ բյուջետային հատկացումները 2018 թվականի համար կիրականացվեն ՀՀ 2018 պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել