ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է «Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում կատարված առերևույթ չարաշահումների մեխանիզմը, պատճառված վնասի չափը, որը տնօրենի կողմից վերականգնվել է:
«Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է 2017 թվականի դեկտեմբերն 11-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Նախաքննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՈԱԿ-ի 2 տարբեր հաստիքներին ձևակերպվել են անձինք, ովքեր իրականում աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անունով ձևակերպվել և դուրս է գրվել աշխատավարձ։
Պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար քրեական գործով նշանակվել է դատահաշվապահական և դատատնտեսագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունն ստացվել է 2018 թվականի օգոստոսի 20-ին։
«Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից այսօր վերականգնվել է պետությանը պատճառված վնասը՝ 4.177.938 ՀՀ դրամ գումարը։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դաավճռով: