Վերականգնողական, տեխնիկական միջոցները և այլ օժանդակ սարքերը, այդ թվում՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաները նախատեսված են անձի կենսագործունեության սահմանափակումների լրիվ կամ մասնակի հաղթահարման, փոխհատուցման (փոխարինման) համար:
ՀՀ կառավարության 10 սեպտեմբերի 2015 թվականի N 1035-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պարագաները տրամադրվում են՝
1) հաշմանդամություն ունեցող անձանց.
2) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված՝ ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի անդամներին.
3) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց.
4) Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիներին.
5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների (այդ թվում՝ պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների) ընտանիքի անդամներին.
6) երեխաներին՝ անկախ հաշմանդամություն ունենալու կամ սոցիալապես անապահով լինելու հանգամանքից: