Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե օգոստոսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ավելի քան 30 մարդ հարձակվել են ԼԳԲՏ 9 ակտիվիստի վրա և ծեծել:
Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Հայտնում ենք, որ օգոստոսի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Հայկ Հ.-ն և հայտնել, որ երկու տղամարդ եկել և ցանկանում են պարզաբանումներ կատարել իրենց հետ, խնդրում է ոստիկան մոտենա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Շուռնուխ գյուղի մի խումբ բնակիչներ 1997 թ. ծնված Հայկ Հ.-ից և նրա ընկերներից պահանջել են հեռանալ գյուղից՝ պատճառաբանելով, որ վերջիններս համասեռամոլներ են, այնուհետև նրանց միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում գյուղացիներից ոմանք ծեծի են ենթարկել Հայկ Հ.-ին ու նրա ընկերներին:
Չորս անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց` բուժօգնության, այնուհետև ոստիկանության ծառայողները, ապահովելով նրանց անվտանգությունը, ուղեկցել են դեպի Երևան:
Կան բերման ենթարկվածներ:
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:
Նշենք, որ ավելի վաղ բռնության ենթարկված անձանցից Ռոբերտ ֆեյսբուքյան իր էջում իր նկարն է հրապարակել ու գրել. «Երբ արյունովդ ողողված, ոլորված ոտքով ու համարյա ուշաթափվելով փախնում ես կյանքիդ համար ու քարերով զինված մի ամբոխ հասնում ա քեզ, պտտվում ես ու հարցնում ”Բայց ինչի՞ համար, ես ձեզ ի՞նչ եմ արել”: Հետո տեսնում ես մի օրգազմիկ բերկրանք իրենց դեմքին, քո ավելի մեծ ցավը իրենց միայն հաճույք ա պատճառում:
Երբ ժամից ավել քեզ հետապնդում են, դու ֆիզիկապես մարում ես արդեն բայց ներքին ձայնդ ճչում ա ”ՍՊԱՆՈՒՄ ԵՆ, ՓԱԽԻ!!!”:
Երբ աչքերդ քո իսկ արյունով են հեղեղված ու դու անորոշ մթությունն էլ ես կարմիր տեսնում:
Երբ մոտենում ես պատահական մեքենաների ու աղերսում որ փրկեն քո փոքրիկ, բայց այդքան կիսամեռ կյանքը, իսկ իրենք քշում գնում են:
Երբ դժոխքից փախնում ես բայց չես էլ կարողանում լացել, որ հանգստանաս:
Քեզ ուղղակի մնում ա մի մարմին, որի մեջ կիսամեռ հոգիդ նայում ա աշխարհին բացարձակ անտարբերությամբ»: