ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ժամկետային զինծառայող, շարքային Ժորիկ Պետրոսյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
Զինծառայող Ժ.Պետրոսյանի մահացու հրազենային վիրավորումն ստանալու մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի հուլիսի 24-ին։ Դեպքի վայրում կատարված զննության և առաջնային անհետաձգելի դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալները վկայել են, որ զինծառայողը վնասվածքն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել հնարավոր այլ աշխատանքային վարկածներ ևս. որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
Քրեական գործով կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ ՊՈԱԿ-ի փորձագետներին:
Մասնավորապես՝ վերջիններիս առաջադրվել են մի շարք հարցեր՝ տուժողի ստացված վնասվածքների, դրանց բնույթի, եղանակի և մահվան հետ պատճառահետևանքային կապի վերաբերյալ։ Այն է՝ դիակի վրա ինչպիսի վնասվածքներ կան, դրանց տեսակը, որտեղ են տեղակայված, պարզել պատճառման մեխանիզմը, ծանրության աստիճանը, վաղեմությունը, պատճառման հաջորդականությունը` յուրաքանչյուր վնասվածքով առանձին-առանձին: Հրազենային վնասվածքի դեպքում՝ դրանք միջանցիկ (թափանցիկ) են, կույր, թե՝ շոշափող, գնդակային են, բեկորային, թե հասցվել է կոտորակով: Ինչ հեռավորությունից է կատարվել վնասվածք պատճառած կրակոցը, այն ընդհուպ է, թե՝ ոչ (նշել մոտավոր հեռավորության չափը), ինչպիսին է հրազենի ու տուժողի փոխադարձ դիրքը և կատարված կրակոցի տարածությունը: Երբ է վրա հասել Ժորիկ Պետրոսյանի մահը, որն է նրա մահվան անմիջական պատճառը, վնասվածքները կենդանության օրոք են պատճառված, թե՝ հետմահու, որ վնասվածքն ինչ պատճառական կապ ունի մահվան հետ: Դիակի սկզբնական դիրքը փոփոխվել է, թե՝ ոչ, եթե՝ այո, ապա մահվանից որքան ժամանակ հետո: Հայտնաբերված վնասվածքներում /վերքերում/ օտար առարկաներ, մանրաթելեր, միկրոմասնիկներ կան, թե՝ ոչ, եթե՝ այո, ապա որտեղ են դրանք հայտնաբերվել և ինչպիսին են:
Դատաբժշկական փորձաքննության ընթացքում կատարվել է դիահերձում, որին մասնակցել են տուժողի հորեղբայրը և հորաքրոջ տղան։ Փորձագետների կողմից արձանագրվել է, որ դիակի տարբեր հատվածներում առկա են տարբեր քերծվածքներ՝ կեղևակալված վիճակում, որոնք պատճառվել են կենդանության օրոք, դրանց վաղեմությունը և պատճառման մեխանիզմը, ծանրության աստիճանը դատաբժշկի կողմից կնշվի եզրակացությամբ:
Քրեական գործով, ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Ադամյանը:
Ինչ վերաբերում է տուժողի հարազատների կողմից հնչեցված այն դիտարկմանը, որ դիրքի ավագը հերթապահություն իրականացնելիս մարտական դիրքում չի գտնվել, ապա տեղեկացնում ենք, որ այդ հանգամանքը ևս դարձվել է քննության առարկա։
Նախաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: