Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում հատկացումների մասին առցանց գործիքն արդեն հասանելի է Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի կայքում (www.armed.am )։
Այս մասին տեղեկացնում են Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր ՓԲԸ-ից։
Առցանց գործիքը քաղաքացիներին հնարավորություն է տալիս ծանոթանալ պետպատվերով փաստացի կատարված աշխատանքներին, առկա տեղերին և հերթագրումներին՝ ըստ մարզերի և ոլորտների։ Ոլորտներն ընդգրկում են սոցիալապես անապահով խմբերի, զինծառայողների և նրանց ընտանիքների, անհետաձգելի բուժօգնությունը, ինչպես նաև ծննդօգնությունը, ընտանեկան բժիշկների խորհրդատվությունը, ստոմատոլոգիական ծառայությունները և այլն։
Պետպատվերով հատկացումների առցանց գործիքը նպատակ ունի ապահովելու հերթագրման կարգի թափանցիկությունը, պետպատվերով առկա տեղերի մասին քաղաքացիների իրազեկվածության բարձրացումը և պետպատվերի շրջանակում քաղաքացիներին բուժօգնության տրամադրման անհիմն մերժման դեպքերի բացառումը։
Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը, ինչպես նաև սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի սպասարկումը բոլոր բժշկական հաստատություններում իրականացվում է էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով։ Բուժհաստատություններն ԱՐՄԵԴ համակարգով գրանցում են պետպատվերի շրջանակներում նախապես պլանավորված այցերը՝ համապատասխան ծառայություններով և ծածկույթներով: