Պետությունը քաղաքացին է, որին ծառայելու համար կոչված է վարչական մարմինը. Արթուր Հովհաննիսյան

Այսօր՝ հունիսի 26-ին, «Վարչական արդարադատության ձևավորումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով քննարկում  տեղի ունեցավ:

«Հայաստանում վարչական արդարադատությունը պետք է նոր որակ ստանա»,- ասաց բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը և հավելեց, որ այն պայմանավորված է լինելու դատական իշխանության անկախությամբ և դրա նկատմամբ հանրային պատշաճ վստահության պետք է ձևավորվի։

Ըստ Գ Հարությունյանի՝ ոլորտում կուտակված են  լուրջ խնդիրներ, որոնք օրենսդրական փոփոխությունների կարիք ունեն, նա  պատրաստվում է հինգշաբթի օրը կրկին հանդիպել փորձագետների հետ՝ ոլորտում  առկա խնդիրները և լուծման հնարավոր տարբերակները քննարկելու համար։

Վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը խոսեց վարչական դատարանի ստեղծմամաբ պայմանավորված հաջողությունների մասին. «ՀՀ վարչական դատարանի ձևավորումից 10 տարի անց հպարտությամբ կարող ենք ասել, որ հանրային իրավունքի թռիչքային զարգացման մեկնարկը հաջողությամբ տրվել է»,- նա նշեց նաև, որ հասարակության վստահությունը մեծացել է վարչական դատարանների նկատմամբ և օրինակ բերեց  2008 և 2017 թվականների ընթացքում հայցադիմումների քանակի շեշտակի ավելացումը։

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ վարչական արդարադատություն իրականցնող այս դատարանների աշխատանքի շնորհիվ ոչ միայն վարչական մարմինը, այլև հասարակությունը եկավ այն գիտակցման, որ պետությունը պետական մարմինը չէ, այլ պետությունը  քաղաքացին է, որին ծառայելու համար կոչված է վարչական մարմինը և այն պետք է ապահովի անձի բոլոր իրավունքները։

Արթուր Հովհաննիսյանը խոսեց 10 տարիների ընթացքում վարչական արդարադատության ոլորտում գրանցված լուրջ առաջընթացի՝ օրենսդրական դաշտի կատարելագործման առումով , և ոլորտում առկա բացերի մասին, մասնավորապես վարչական դատարաններում առկա դատավորների գերծանրաբեռնվածության մասին։ Ա․Հովհաննիսյանը նշեց նաև, որ ոլորտի գրեթե բոլոր նախաձեռնություններում իր ներդրումն են ունեցել Գերմանիայի  կառավարությունը և մասնավորապես «Գերմանական միջազգային համագործակցություն» ընկերությունը։   

Մերի Մնոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել