Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը արդեն 7 օր է կալանավորված է: Նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ բժիշկը երեկ է այցելել գեներալին:
«Որ իր մասին ասում են՝ այսօր լավ է, դա համեմատական է ասվում: Կյանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի մարդը: Բժիշկները երբ ասում են, թե այսօր լավ է, դա նշնակում է, որ այսօր վատ բան կարող է չլինել: Իսկ իրականում նրա առողջությունը այնքան վատ է, որ ամեն օր դա կարող է տեղի ունենալ»,-նշում է Մկրտչյանը:
Հարցին, թե Մանվել Գրիգրոյանը գոհ է արդյոք իր պահման պայմաններից, փաստաբաննը պատասխանեց. «Ինքը բողոքող մարդ չի: Ինքը պետականամետ մարդ է, ասում է՝ երկիրն իմն է, հայրենիքը մերն է»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք:
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը: