Ազատավանի ԱԱՊԿ-ում նախկին տնօրենի կողմից յուրացումներ և պաշտոնական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2015-2016 թվականների ընթացքում Ազատավանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի (ԱԱՊԿ-ի) նախկին տնօրեն Ա. Ղ.-ն կենտրոնին ավտոմեքենա հատկացված չլինելու պայմաններում դիզելային վառելիք, իսկ 2016-2017 թվականների ընթացքում՝ դեղորայք է յուրացրել:

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015 և 2016 թվականներին «Ազատավանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի նախահաշվի «տրանսպորտային նյութեր» ծախսային հոդվածով նախատեսվել է համապատասխանաբար 270.000 և 200 000 ՀՀ դրամ գումար: Սակայն «Ազատավանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ն այդ ընթացքում ավտոմեքենա կամ տրանսպորտային միջոցի վարձակալության վերաբերյալ պայմանագիր չի ունեցել, բացակայել են նաև տրանսպորտային ուղեգրերը: Չնայած դրան՝ 2015թ. մայիսին ձեռք է բերվել 150.000 ՀՀ դրամի չափով վառելիք, իսկ 120.000 ՀՀ դրամ մնացորդը հատկացվել է գրասենյակային ծախսերին՝ առանց նախահաշվում փոփոխություն կատարելու: 2016թ. մայիսին այդ նպատակով հատկացված ամբողջ գումարը ծախսվել է առանց հիմնավորման:

Ըստ նախապատրաստված նյութերի՝ հանդիսանալով Ազատավանի ԱԱՊԿ-ի տնօրեն՝ Ա. Ղ.-ն, 2015-2016 թվականների ընթացքում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է զգալի չափերով՝ 150.000 ՀՀ դրամի չափով վառելիք և 200.000 ՀՀ դրամ գումար՝ «Ազատավանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ին պատճառելով ընդհանուր 350.000 ՀՀ դրամի չափով նյութական վնաս:

Պարզվել է նաև, որ Ազատավանի ԱԱՊԿ նախկին տնօրենի 2014թ. հրամանով աշխատանքային պարտականությունները բարեխիղճ և ժամանակին կատարելու համար ՊՈԱԿ-ի չորս աշխատակիցներ պարգևատրվել են՝ յուրաքանչյուրը 32.500 ՀՀ դրամի չափով: Սակայն պարգևավճարները չեն տրամադրվել խրախուսված աշխատակիցներին և Ա.Ղ-ն պարգևավճարների ցուցակում նշված աշխատակիցների անվան դիմաց ակնհայտ կեղծ ստորագրություններ դնելու եղանակով յուրացրել է զգալի չափերով գումար:

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում, ինչպես նաև  պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործությունների հատկանիշներ՝ նշված դեպքեր առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի   179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է  ՀՀ Արարատի մարզային քննչական վարչությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել