«Մանվել Գրիգորյանը իր կյանքի համար չի վախենում». Արսեն Մկրտչյան

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը երեկ երեկոյան հանդիպել է իր պաշտպանյալ Մանվել Գրիգորյանի հետ:

Իրավաբան.netի հետ զրույցում նա նշեց, որ նրանք ցանկանում են բողոքարկել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դատարանի որոշումը, սակայն Մանվել Գրիգորյանը ընդդիմանում է:

«Ասում է, որ պետք չէ, ես եմ խնդրել, որ ինձ կալանավորեն: Նշում է, որ ուզում է, որ ճիշտը պարզվի և այնպիսի տպավորություն չստեղծվի, որ ամեն գնով ուզում է խուսափել պատասխանատվությունից: Նրա տրամադրվածությունը այնպիսին է, որ չի ուզում ինչ-որ բան խնդրի»,-նշեց Արսեն Մկրտչյանը:

Իրավաբան.net-ի լրագրողի հարցին, թե որդյո՞ք Մանվել Գրիգորյանը իր կյանքի համար չի վախենում, նշեց. «Մանվել Գրիգորյանը իր կյանքի համար չի վախենում: Ուղղակի ես որպես պաշտպան չեմ ցանկանում վտանգի տակ դնել: Չեմ ուզում այնպիսի տեղեկություններ հայտնել, որոնք կանհանգստացնեն նրան»,-ասաց պաշտպանը:

Փաստաբանը նշեց, որ ինքը և իր ընտանիքի անդամները բազմաթիվ սպառնալիքներ են ստանում. «Ինձ ու իմ ընտանիքի անդամներին են սպառնում այդ ֆեյսբուքյան գելխեղդները, որոնք չեն եղել այն տեղերը, որտեղ ես եմ եղել, որոնք ավելի շատ մասնագիտացված են ֆեյսբուքի մեջ: Ես իմ էջի գաղտնաբառը տրամադրել եմ ԱԱԾ համապատասխան աշխատակցին և նրանք զբաղվում են այդ հարցով»:

Արսեն Մկրտչյանը նշում է, որ յուրաքանչյուր ոք կարող էր իր տեղում հայտնվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ  ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է  քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով  պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք:

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել`  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ
քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով
սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել