Վերաքննիչ վարչական դատարանը մերժեց Երևանի քաղաքապետարանի բողոքը

Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Երևանի քաղաքապետարանի բողոքը: Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Մարատ Ատովմյանից: Այսպես, Երևանի քաղաքապետարանը կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որի համաձայն վարորդը իր ավտոմեքենան 15 րոպեից ավելի ժամանակահատվածով կայանել է ք. Երևան, Սարյան փողոցի համայնքային վճարովի ավտոկայանատեղիում և չի վճարել համապատասխան տեղական տուրքը։ Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տույժ 5.000 ՀՀ դրամի չափով։ Քաղաքացի Վ.Ա-ն 30.12.2016թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ տուգանքի մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ ՀՀ վարչական դատարանի 16.05.2017 թ. վճռով հայցը բավարարվել է։ Նշված վճռի դեմ Երևանի քաղաքապետարանի կողմից 19.06.2017թ. ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Բողոքում Երևանի քաղաքապետարանը վկայակոչել է բազմաթիվ իրավական նորմեր և դատական նախադեպեր, հիմնավորելու համար, որ
կայացված դատական ակտը միանգամայն անհիմն ու բեկանման ենթակա:

Մարատ Ատովմյան

Քննելով վերաքննիչ բողոքը դրանում նշված պահանջի սահմաններում՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ բողոքը ենթակա է մերժման, հետևյալ պատճառաբանություններով:
12.10.2016թ. քաղաքացին առարկություններ է ներկայացրել վարչական մարմին՝ հայտնելով, որ իր կողմից համապատասխան վճարումը կատարվել է ուշացումով, ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 124.7 հոդվածը կիրառելի չէ իր նկատմամբ, քանի որ այն վարչական պատասխանատվություն է սահմանում օրենքով սահմանված տուրքը չվճարելու, և ոչ թե ուշացումով վճարելու համար: Ինքը 11.09.2016 թվականին՝ ժամը 21:58-ին, 1045 կարճ համարին «sms» հաղորդագրություն է ուղարկել և այդ համարից պատասխան ստացել, որ վճարումն ընդունված է: Հետևաբար՝ ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 124.7 հոդվածի խախտում թույլ չի տվել: Ուստի խնդրել է կարճել իր նկատմամբ հարուցված վարչական վարույթը: 20.10.2016թ. Երևանի քաղաքապետարանը մերժել է քաղաքացու բողոքը, քանի որ վճարումը կատարվել է 15 րոպե անց:

Վարչական վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման դեպքի (զանցանքի) առկայության համար այն դեպքում, երբ համայնքի ավագանու որոշմամբ նախատեսված է համայնքային վճարովի ավտոկայանատեղում որոշակի ժամանակահատված անվճար կայանելու հնարավորություն, անհրաժեշտ է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը սահմանված անվճար ժամանակահատվածից ավելի ժամանակով համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու և համայնքի ավագանու կողմից հաստատված չափով տեղական տուրք չվճարելու փաստերի միաժամանակյա առկայությունը: Նշված զանցակազմի ամրագրմամբ, ինչպես իրավացիորեն նշել է նաև Դատարանը իր վճռում, օրենսդիրը նպատակ է հետապնդել ապահովել տեղական տուրքը վճարելու պարտականության կատարումը, հետևաբար եթե փաստացիորեն այդ պարտականությունը կատարված է, չի կարող վրա հասնել այն հարկադրանքի միջոցը, որի նպատակն է տվյալ պարտականության կատարման ապահովումը: Օրենսդիրը տվյալ դեպքում չի սահմանել վարչական պատասխանատվություն սահմանված ժամկետում տեղական տուրքը վճարելու համար, այլ սահմանել է վարչական պատասխանատվություն տեղական տուրքը չվճարելու համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, (…) քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Վարչական զանցակազմը դրսևորվում է չորս բաղկացուցիչ մասերի (տարրերի)՝ վարչական զանցանքի (հակաիրավական վարքի) օբյեկտի, վարչական զանցանքի օբյեկտիվ կողմի (զանցանքի բովանդակություն), վարչական զանցանքի սուբյեկտի (ֆիզիկական անձ, պաշտոնատար անձ /իրավաբանական անձ/) և վարչական զանցանքի սուբյեկտիվ կողմի (իրավահարաբերության սուբյեկտի հոգեբանական-զգացական կարգավիճակ) միաժամանակյա առկայությամբ: Ընդ որում, նշված տարրերից որևէ մեկի բացակայությունը բացառում է վարչական զանցակազմի գոյությունը:
Իրավական վերլուծության հիման վրա, վարչական դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ հայցվորը  իր տրանսպորտային միջոցի կայանման համար կատարել է վճարում՝ 100 ՀՀ դրամի չափով, նկատի ունենալով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածը նախատեսում է վարչական պատասխանատվություն տեղական տուրքը ընդհանրապես չվճարելու, այլ ոչ թե սահմանված ժամկետում չվճարելու համար: Վերաքննիչ դատարանը գտել է, որ տվյալ դեպքում առկա չէ վարչական զանցանքի պարտադիր տարր հանդիսացող օբյեկտիվ կողմը (նորմի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման բովանդակությունը), ինչը բացառում է վարչական զանցակազմի գոյությունը և հետևաբար նաև վարչական պատասխանատվության առաջացումը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում՝ օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով։

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում Դատարանի եզրահանգումն առ այն, որ վարչական ակտն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ՝ տեղական տուրքը չվճարելու իրավաբանական փաստի բացակայությամբ, հետևաբար առկա է վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքը:
Ելնելով վերոգրյալից, Վերաքննիչ դատարանը 21.05.2018թ.  որոշեց
Թիվ ՎԴ/9949/05/16 վարչական գործով Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել՝ ՀՀ վարչական դատարանի 2017 թվականի մայիսի 16-ի վճիռը թողնելով անփոփոխ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել