Բարձրագույն դատական խորհուրդն ընտրել է Տավուշի և Սյունիքի մարզերի դատարանների նախագահներին

Հունիսի 14-ին կայացել է Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր հանդիպում-խորհրդակցություն Տավուշի և Սյունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ, ինչպես նաև անցկացվեց տվյալ դատարանների նախագահների ընտրություն:

Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտի մամլո ծառայությունից:

Խորհրդակցության սկզբում Խորհրդի նախագահն  ընդգծեց, որ նման հանդիպումների նպատակն է՝ անձամբ շփվել դատավորների հետ և ծանոթացնել Խորհրդի գործունեությանն ու անելիքներին, ինչպես նաև տեղեկանալ նրանց հուզող խնդիրներին:

«Բարձրագույն դատական խորհուրդն առաջին իսկ օրվանից շատ հստակ սկզբունքներ է որդեգրել, որոնցով առաջ է շարժվում, դուք դա կարող եք տեսնել նաև մեր որոշումներում՝ մասնավորապես Խորհրդի՝ ապրիլի 12-ի որոշման մեջ, չափորոշիչներում, որոնցով դիտարկվում են դատավորի և դատարանի անկախությունը, դատավորներին ուղարկված և դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրված այն ուղեցույցի մեջ, որում նշված է, թե ինչ գործոններ ենք հաշվի առնելու և՛ դատավորների ընտրության, և՛ առաջխաղացման, և՛ գնահատման ժամանակ»,-ընդգծեց Գագիկ Հարությունյանը:

Հանդիպում-խորհրդակցությունն անցավ կառուցողական մթնոլորտում, ներկայացված հարցերի վերաբերյալ դատավորների կողմից հնչեցին առաջարկություններ, կարծիքներ, դրանցից կարևորներն ու առանցքայիններն արձանագրվեցին՝ Խորհրդի գործունեության և ծրագրերի շրջանակներում դիտարկելու նպատակով:

Նիստի ավարտին Բարձրագույն դատական խորհուրդը, սահմանված ժամանակացույցի և «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի համաձայն, անցկացրեց փակ գաղտնի քվեարկություն՝ Տավուշի, ապա Սյունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների նախագահների պաշտոնի համալրման նպատակով:

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Արման Կուրեխյանը: Խորհրդի ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.

  1. Զաքինյան Զոյա -1
  2. Իսկանդարյան Սիմա -0
  3. Կուրեխյան Արման -7
  4. Մարդանյան Սամվել -2
  5. Մելքոնյան Ռաֆիկ -0
  6. Օհանյան Արման -0

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով արձանագրվեց ձայների հետևյալ բաշխվածությունը.

  1. Ասատրյան Ժաննա -1
  2. Բեգլարյան Իգնատ -0
  3. Գրիգորյան Սամվել -5
  4. Թումանյան Անահիտ -1
  5. Հովակիմյան Մուրադ -0
  6. Սարգսյան Դավիթ -1
  7. Սարդարյան Արսեն -1
  8. Օհանյան Նապոլեոն -1

Առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չստացավ և անցկացվեց լրացուցիչ ընտրություն, որին մասնակցեցին համապատասխանաբար առավել ձայներ ստացած և դատավորի երկար փորձառություն ունեցող երկու թեկնածուները:

 Երկրորդ փուլում փակ գաղտնի քվեարկությամբ Խորհուրդն արձանագրեց հետևյալ արդյունքը.

  1. Գրիգորյան Սամվել -7
  2. Թումանյան Անահիտ -1

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Սամվել Գրիգորյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել