Գագիկ Հարությունյանը ներկայացրել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի նորանշանակ դատավորներին

Հունիսի 13-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը և Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղան Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում՝ տեղում հանդիպելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ, ինչպես նաև ներկայացնելու նորանշանակ դատավորներ Մեխակ Գևորգյանին և Սերգեյ Չիչոյանին, հայտնում են ԲԴԽ-ից:

Շնորհավորելով նորանշանակ դատավորներին՝ Խորհրդի նախագահը նշեց, որ նշանակալի է դատավորների դերն արդարադատության կայացման և դատական իշխանության հեղինակության բարձրացման գործում և հույս հայտնեց, որ նրանք իրենց գիտելիքն ու փորձն ամբողջությամբ կուղղեն այդ նպատակին:

Կոտայքի մարզի նորանշանակ դատավոր Մեխակ Գևորգյանը շնորհակալություն հայտնեց՝ խոստանալով արդարացնել իրենից սպասվելիք հույսերը:

Սերգեյ Չիչոյանն էլ իր հերթին նկատեց, թե երբ Գյումրիում Շիրակի դատարանին առաջարկվեց դառնալ օրինակելի դատարան, իր մեջ խոսեց գավառցու պատիվը, և անելու են ամեն ինչ, որպեսզի Գեղարքունիքի մարզի դատարանն էլ դասվի օրինակելի դատարանների շարքին:

Գագիկ Հարությունյանն առանձնահատուկ շեշտադրեց դատավորի ներքին անկախության գործոնը, դատավորի կամ դատարանի նախագահի գործունեությանը ցանկացած միջամտության բացառումը, ինչն ուղիղ համեմատական է արդար դատաքննություն իրականացնելու հիմնական գործառույթին: «Մինչև հիմա մեր գործունեության ընթացքում բացառիկ ուշադրություն ենք դարձրել, որպեսզի դատավորներն անկախանան բոլոր մակարդակներում, կարողանան իրենց լիարժեք անկախ զգալ արդարադատական ֆունկցիան կատարելիս և լիարժեք հաշվետու՝ օրենքի առաջ: Մեզ համար առանցքային է նաև հասարակության վստահության բաղադրիչը, հանրային կարծիքի հետ հաշվի նստելու հանգամանքը»,- նշեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև դատավորների պատշաճ վարքն ու օրենքի առաջ մեծ պատասխանատվությունը, որոնք դատական իշխանության համալիր բարեփոխումների մաս են կազմում:

Անդրադառնալով վերջին շրջանում կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ մամուլի հրապարակումներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը շեշտեց, որ Խորհուրդը հետևողական է ցանկացած արատավոր երևույթ կանխելու հարցում: «Նշվում են փաստեր, որոնք կարող են ընդհուպ քրեական գործ հարուցելու հիմք հանդիսանալ: Այդպիսի փաստերը չի կարելի անտարբերության մատնել, և Բարձրագույն դատական խորհուրդը դրանց վրա կհրավիրի իրավապահ մարմինների ուշադրությունը: Եթե դա սուտ է, այն տարածողը պետք է պատասխան տա, եթե այն իրականության հետ աղերսներ ունի, պետք է պատասխան տա դատավորը»,- ավելացրեց Գ. Հարությունյանը՝ եզրափակելով, որ չկա իշխանության մի մարմին, մի սուբյեկտ, որն այդքան ինքնուրույնություն ունենա, որքան դատավորը, ով առանձին է հանդես գալիս պետության անունից: Սա պետք է լինի իրավական մշակույթի ձևավորման հիմքը, և հենց դրա վրա պետք է կառուցված լինի այն իրավական մշակույթը, որով արդարադատություն է իրականացվում:

Նշենք, որ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, 166-րդ հոդվածի 6-րդ մասը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի ԲԴԽ-13-Ո-20 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ ՀՀ նախագահի 2018 թվականի հունիսի 8-ի ՆՀ-336-Ա հրամանագրով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գևորգյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ նախագահի ՆՀ-337-Ա հրամանագրով և ԲԴԽ-13-Ո-21 որոշմամբ ներկայացված առաջարկության հիման վրա՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել