Վերջին ժամանակներս մամուլում և տարբեր հարթակներում հնչեցվում են կարծիքներ հանրային պաշտպանի գրասենյակի  գերծանրաբեռնվածության վերաբերյալ. ՀՊԳ

Վերջին ժամանակներս մամուլում և տարբեր հարթակներում հնչեցվում են կարծիքներ հանրային պաշտպանի գրասենյակի  գերծանրաբեռնվածության վերաբերյալ և առաջարկվում է այնպիսի լուծում, որպեսզի յուրաքանչյուր փաստաբան կարողանա անձամբ ներգրավվել հանրային պաշտպանության գործին, այսինքն` լուծարել հանրային պաշտպանի գրասենյակը:

Այս կապակցությամբ տեղեկացնում ենք՝    

Մինչև 2005 թվականը ՀՀ-ում անվճար իրավաբանական օգնության ապահովումն իրականացվել է անհատական կարգով:

Քննիչի կողմից որոշմամբ ներգրավում էր կոնկրետ փաստաբան, ով պետք է անվճար պաշտպաներ մեղադրյալի շահերը: Փաստաբանին ընտրում էր քննիչը: Այնուհետև, նույն քննիչի կողմից տրված տեղեկանքի հիման վրա փաստաբանը վարձատրվում էր պետական բյուջեի միջոցներից: Ընդ որում, մեկ ժամի համար նախատեսված գումարը շատ փոքր էր և փաստաբաններին հիմնականում չէր հրապուրում անվճար պաշտպանությունը: Նախորդ մոդելը կախվածություն էր առաջացնում փաստաբանին քննիչից, քանի որ վերջինս ըստ էության հանդիսանում էր փաստաբանի «գործատուն»: Նույն կարգը գործում էր նաև դատարաններում:

Եղել են դեպքեր, որ տեղեկանքների հաշվարկի արդյունքում, պարզվել է, որ փաստաբանը օրվա ընթացքում աշխատել է 26 ժամ: Նշված կարգավորումը լուրջ մտահոգությունների  տեղիք էր  տվել:  Անվճար իրավաբանական օգնության որակի մասին խոսք լինել չէր կարող, քանի որ բացակայում էին որակի նկատմամբ հսկողական և վերահսկողական մեխանիզմները:

Այսօր գործում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան  նախաձեռնությամբ և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության ջանքերով բազմաթիվ քննարկումների արդյունքում ներդրված  հանրային պաշտպանի գրասենյակի ամերիկյան մոդելը: Նշված մոդելը  հնարավորություն է տալիս կենտրոնացված կարգով ապահովել անվճար իրավաբանական օգնության տրամադրումը ամբողջ ՀՀ տարածքում՝ հսկողություն և վերահսկողություն իրականացնել որակյալ իրավաբանական օգնության տրամադրման, արդյունավետ պաշտպանության և կարգապահության  նկատմամբ:

Հանրային պաշտպանի գրասենյակը գործում է  2006 թվականից: Տարեցտարի աճում է ՀՊԳ-ի շահառուների թիվն, ինչը պայմանավորված է  որակի բարձրացմամբ, «Փաստաբանության մասին» օրենքի փոփոխություններով՝ մի քանի սոցիալական խմբերին էլ հնարավորություն ընձեռվեց քաղաքացիական և վարչական գործերով անվճար իրավաբանական օգնություն ստանալ: Բացի այդ աճել է  քրեական  գործերի թիվը՝ արդարադատության շահով պայմանավորված:  Նշենք, որ Փաստաբանների պալատի կողմից բազմիցս առաջարկ է ներկայացվել կառավարություն՝ հանրային պաշտպանի հաստիքների ավելացման ուղղությամբ: Նաև առաջարկներ են ներկայացվել   օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ:  Խնդիրն այն է, որ քրեական գործերով անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվում է վարույթն իրականացնող մարմնի որոշումների հիման վրա, իսկ վերջիններս հիմք են ընդունում ոչ միայն մեղադրյալի անվճարունակությունը, այլ նաև՝ արդարադատության շահը:  Քիչ չեն դեպքերը, երբ վճարունակ անձին նույնպես նշանակվում է հանրային պաշտպան: Այս պարագայում  Հանրային պաշտպանի գրասենյակը չի կարող մերժել քննիչի որոշումները: Հետևաբար, օրենսդրական խնդիր կա  այս մասով բեռնաթափել հանրային պաշտպանի գրասենյակը: Կարելի է օրենքով մեխանիզմ ներդնել, ըստ որի անվճար պաշտպանությունից  օգտված վճարունակ քաղաքացուց անհրաժեշտ է գանձել փաստաբանի ծառայության գումարը: Սա նաև կանխարգելիչ միջոց կհանդիսանա և կբեռնաթափի ՀՊ գրասենյակի աշխատանքը:

Ներկայում գործող կարգավորումն այսպիսին է. յուրաքանչյուր տարի  պետական բյուջեից հատկացվում են  միջոցներ Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեությունն  ապահովելու  համար: Այսինքն կայուն աշխատավարձ և աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով էլ գումար է հատկացվում ՀՊ գրասենյակի ծախսերի փոխհատուցման համար՝ տրանսպորտային ծախսեր, տարածքների վարձակալության վճարներ, տեխնիկայի ձեռք բերում, օժանդակ աշխատակազմ և այլն: Նշված միջոցները  ՀՊԳ-ի կողմից վարած գործերի քանակի համեմատ բավական սուղ են, սակայն կենտրոնացված ծախսերը  հնարավորությունն են տալիս  խնայելու որոշակի միջոցներ, արդյունավետ աշխատելու և իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար (օգնականներ, հաշվապահություն և այլն): Այս տեսակետից եթե դիտարկենք, ապա մեկ գործի վրա պետությունը  ծախսում է նվազագույն գումար:

Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքին, որ  մասնավոր փաստաբանների կողմից անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու դեպքում մեկ գործի վրա ծախսած ժամանակը, կատարած աշխատանքի որակը վերահսկելի չի լինի: Բյուջեից տրամադրվող միջոցները  բաժանելու դեպքում   չնչին գումարներ կկազմեն  և նույն միջոցներով  ավելի քիչ գործեր հնարավոր կլինի վարել:

ՀՊԳ-ն կարևորում է յուրաքանչյուր շահառուին որակյալ իրավաբանական օգնության տրամադրումը:

Այսօր   Հանրային պաշտպանի գրասենյակի որակի  բարձրացման  և  ՀՊԳ-ի բնականոն գործունեությունն   ապահովելու համար գործում են Պալատի խորհրդի և նախագահի կողմից ընդունված  ներքին իրավական ակտերով սահմանված  գնահատման, մրցույթի անցկացման կարգերն  և այլ իրավակարգավորումներ:

Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ անթույլատրելի է զարգացման հետընթացին ուղղված բոլոր նախաձեռնությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել