Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը գրում է.
«Ներկայացնում եմ մեկ շաբաթյա աշխատանքային գործունեությանս ընթացքում կատարած աշխատանքներս
1. Այցելել եմ Շիրակի մարզի Կառնուտ գյուղի դպրոց, որն ամբողջ տարին դպրոցի կոյուղագծերի վնասվածության և բակում ջրահեռացման համակարգի բացակայության հետևանքով խոնավ է: Համայնքի ղեկավարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել խնդրին հնարավորինս արագ լուծում տալ: Ծախսերի մի մասը կանի համայնքապետարանը:
2. Հանդիպել եմ Շիրակի մարզի Ջրառատ գյուղի բնակիչների հետ, համայնքապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել լուծել մի քանի ընտանիքի կոյուղու հարցը: Քննարկման փուլում է նաև գյուղում մանկապարտեզ հիմնելու հարցը:
3. Լարված իրավիճակ է ստեղծված Գյումրու ծննդատանը: Այս հարցը ևս գտնվում է ուշադրությանս կենտրոնում: Խնդրի լուծումը ընթացքի մեջ է:
4. Սարապատ համայնքի Ցողամարգ բնակավայրում վնասված ճանապարհն ու կամուրջը բերվել են բավարար երթևեկելի մակարդակի, վերականգնողական աշխատանքներն արդեն ավարտված են:
5. Գյումրու թիվ 40 դպրոցում կան բավականին լուրջ խնդիրներ, որոնք լուծման փուլում են, և առաջիկայում կլինեն բացահայտումներ:
6. Լարված իրավիճակ է նաև Գյումրու թիվ 38 դպրոցում, ու նորից խնդիրը լուծման փուլում է:
7. Խնդիր կա նաև Շիրակի մարզի Սարատակ գյուղի դպրոցում, որն ևս առաջիկայում հանգուցալուծում կստանա:
8. Խնդիր կա նաև Շիրակի մարզի Արթիկ քաղաքի 4-րդ դպրոցում, որը նորից իմ ուշադրության կենտրոնում է:
9. Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել անգլիական ներդրողների հետ:
10. Լուծվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողի մոր աշխատանքի հարցը:
11. Հանդիպել եմ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ, պատրաստվում ենք համագործակցել:
12. Հետևել եմ Գյումրի-Հացիկ ճանապարհի հարթեցման աշխատանքներին: Իմ միջնորդությամբ արդեն մի քանի օր է «Մերձմոսկովյան» ԲԲԸ իրականացնում է 4.5կմ երկարությամբ ճանապարհահատվածի ավազակոպճային հիմքով հարթեցման աշխատանքերը:
13. Հանդիպումներ եմ ունեցել ուժային կառույցների ներկայացուցիչների հետ:
Դեռ այսքանը, շարունակելի…»,-գրել է մարզպետը: