Ֆեյսբուքյան իր էջում ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը գրում է.
«Այսօր ստացա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության որոշումը, որում նշված է, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ․
«Առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու, կեղծ փաստաթղթեր կազմելու, ինչպես նաև ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և պարտականությունները ոչ պատշաճ կատարելու առերևույթ դեպքերի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով»:
Ոստիկանության հասարակայանության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ համացանցում սխալ տեղեկատվություն է տարածվում և քրեական գործը չի հարուցվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ կապված որևէ դեպքի առթիվ:
Ոստիկանությունը գործը հարուցել է՝ շների ստերջացմամբ զբաղվող «Յունիգրաֆ-Իքս» ընկերության գործունեության դեմ եղած բողոքները հաշվի առնելով: