Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ սահմանվել են փոխվարչապետերի կողմից համակարգվող կառավարության գործունեության ոլորտները:
Նշենք, որ որոշումն ընդունվել է մայիսի 25-ին, իսկ ուժի մեջ է մտել այսօր՝ հունիսի 8-ին:
Սահմանվել է, որ՝
1) Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետը և փոխվարչապետերն իրավասու են իրենց համակարգման ոլորտներին վերաբերող կոնկրետ հարցերով գրավոր և բանավոր հանձնարարություններ տալ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի աշխատողներին.
2) Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետը և փոխվարչապետերը Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ կարող են իրենց համակարգման ոլորտների շրջանակից դուրս հանձնարարություններ տալ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի աշխատողներին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԿԱՐԳՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը համաձայնեցնում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունն իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում՝
1) առողջապահություն.
2) արդարադատություն.
3) արտակարգ իրավիճակներ.
4) կրթություն և գիտություն.
5) մշակույթ.
6) սպորտ և երիտասարդություն.
7) սփյուռքի հետ կապեր.
8) տարածքային կառավարում և զարգացում, Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ աշխատանքներ.
9) կոռուպցիայի դեմ պայքար, կանխարգելում, վերահսկողություն և մոնիթորինգ.
10) տեսչական բարեփոխումներ և տեսչական գործունեության քաղաքականություն.
11) պետական կառավարման համակարգի բարեփոխումներ և արդյունավետության բարձրացում.
12) հանրային ծառայության քաղաքականության և պետական կառավարման համակարգի կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցեր.
13) մարդասիրական օգնության քաղաքականություն.
14) անշարժ գույքի կադաստրի ոլորտի քաղաքականություն.
15) Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի, նախարարական կոմիտեների և դրանցում քննարկվող փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներ.
16) օրենսդրության գնահատման և կարգավորման քաղաքականություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ աշխատանքներ։
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համաձայնեցնում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունն իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում՝
1) բնապահպանություն.
2) գյուղատնտեսություն.
3) էներգետիկ ենթակառուցվածքներ և բնական պաշարներ.
4) տնտեսական զարգացում և ներդրումներ.
5) տրանսպորտ, կապ և տեղեկատվական տեխնոլոգիաներ.
6) միջուկային անվտանգություն.
7) վիճակագրություն.
8) քաղաքաշինություն.
9) գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքներ.
10) արտադրական ենթակառուցվածքների բնագավառի աշխատանքներ։
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համաձայնեցնում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունն իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում՝
1) աշխատանք և սոցիալական քաղաքականություն.
2) ֆինանսական-հարկաբյուջետային քաղաքականության հարցեր.
3) արտաքին տնտեսական կապեր.
4) միջազգային առևտրի հարցեր.
5) միջազգային ֆինանսավարկային կառույցների և տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության, Անկախ պետությունների համագործակցության, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքներ.
6) Եվրոպական միության կողմից տրամադրվող աջակցության և Եվրոպական միության գործիքակազմի շրջանակներում իրականացվող ծրագրեր: