Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կառվարությանն է ներկայացրել կառավարության որոշման նախագիծը, որով սահմանվել է կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը:
ԿԱՐԳ
- Կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից և չորս անդամից: Հանձնաժողովն ունի քարտուղար:
- Հանձնաժողովը կազմավորվում է վարչապետի առաջարկությամբ Կառավարության անդամների ներկայացրած թեկնածուներից: Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է վարչապետը:
- Հանձնաժողովը հասարակական հիմունքներով գործող մարմին է:
- Հանձնաժողովը քննարկում է այն հանրագրերը, որոնք ենթակա չեն որևէ նախարարության իրավասությանը:
- Եթե հանրագրում նշված հարցը ենթակա չէ որևէ նախարարության իրավասությանը, ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում վարչապետի աշխատակազմը վարչապետի կողմից ընտրված Կառավարության անդամներին գրությամբ առաջարկում է ներկայացնել հանձնաժողովի անդամի թեկնածու: Կառավարության անդամները մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են հանձնաժողովի անդամի թեկնածու, որի արդյունքում վարչապետն անհապաղ որոշում է ընդունում հանձնաժողով կազմավորելու մասին` նշանակելով հանձնաժողովի նախագահ և իր աշխատակազմից քարտուղար:
- Վարչապետի աշխատակազմը հանրագիրը և կից փաստաթղթերը ոչ ուշ, քան հանձնաժողովի կազմավորմանը հաջորդող աշխատանքային օրը ուղարկում է հանձնաժողով:
- Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:
- Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով:
- Հանձնաժողովի նիuտերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին:
- Որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:
Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը,
2) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը և ժամը,
3) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և վարում դրանք,
4) անհրաժեշտության դեպքում հանրագրի քննարկումներին ներգրավում է մասնագետների,
5) հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում նրա պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարում է հանձնաժողովի անդամներից մեկին,
6) վարչապետի աշխատակազմին տեղեկացնում է «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով հանրագրին պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգելու մասին` հանրագիրը ներկայացրած անձին ծանուցելու համար,
7) կազմակերպում է հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները,
8) ստորագրում է հանձնաժողովի որոշմամբ ընդունված հանրագրի պատասխանը, գրությունը, նրա գործունեությանը վերաբերող մյուս փաստաթղթերը,
9) իրականացնում է «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
Հանձնաժողովի անդամը՝
1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին,
2) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ վարում է հանձնաժողովի նիստը,
3) հանրագրի պատասխանի նախագծերը քննարկելուց հետո մասնակցում է քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ,
4) իրականացնում է «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
Հանձնաժողովի քարտուղարը`
1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերի անցկացումը,
2) հանձնաժողովի նիստի անցկացման օրվա և ժամի մասին ծանուցում է հանձնաժողովի անդամներին նիստից առնվազն երկու աշխատանքային օր առաջ,
3) կազմում նիստերի արձանագրություններ,
4) իրականացնում է «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ, այդ թվում` չի մասնակցում քվեարկությանը:
Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ հանձնաժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է հանձնաժողովի անդամներից մեկը:
Հանձնաժողովի նախագահը հանրագիրն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է տվյալ հարցով զեկուցող: Հանձնաժողովի նախագահը և անդամները հանրագիրն ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են հանրագրի պատասխանի նախագիծ:
Եթե սույն կարգի 16-րդ կետում սահմանված ժամկետում հանրագրի պատասխանի նախագիծ չի ներկայացվում, ապա հանրագրի պատասխանի նախագիծը երկու աշխատանքային օրվա ընթացքում մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում զեկուցողը:
Հանրագրի պատասխանի նախագիծ մշակած հանձնաժողովի անդամը հանձնաժողովի նիստից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ այն տրամադրում է հանձնաժողովի անդամներին:
Ներկայացված նախագծերը քննարկվում են հետևյալ կարգով`
1) նախագծերը քվեարկության են դրվում ըստ ներկայացման հաջորդականության.
2) եթե քվեարկության է դրվել մեկ նախագիծ, ապա այն ընդունված է համարվում, եթե ստացել է հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությունը.
3) եթե քվեարկության է դրվել երկու նախագիծ, և դրանցից ոչ մեկը չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա առավել շատ ձայներ ստացած նախագիծը նորից է դրվում քվեարկության.
4) եթե քվեարկության է դրվել երկուսից ավելի նախագիծ, և դրանցից ոչ մեկը չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որի ժամանակ քվեարկության են դրվում առավել շատ ձայներ ստացած երկու նախագծերը.
5) եթե մեկից ավելի նախագծեր ստացել են ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա ընդունված է համարվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած նախագիծը.
6) եթե մեկից ավելի նախագծեր ստացել են ընդունման համար անհրաժեշտ թվով և հավասար քանակությամբ ձայներ, ապա հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
Հանձնաժողովն իր նիստերը պետք է կազմակերպի այնպես, որ «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում ապահովվի հանրագրի պատասխանի ներկայացումը հանրագիր ներկայացրած անձին:
Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի որոշմամբ հաստատված հանրագրի պատասխանը անհապաղ ուղարկում է վարչապետի աշխատակազմ: Վարչապետի աշխատակազմը ոչ ուշ, քան ստանալուն հաջորդող աշխատանքային օրը հանձնաժողովի որոշմամբ հաստատված հանրագրի պատասխանը «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուղարկում է հասցեատիրոջը:
Հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և նիստին ներկա հանձնաժողովի անդամները: Նիստի արձանագրության մեջ նշվում են օրակարգը, հանրագրի պատասխանի նախագծերի, ելույթների հակիրճ նկարագրությունը, քվորումի և քվեարկության արդյունքների մասին տեղեկատվություն: