Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում Էրեբունիում տեղի ունեցած անկարգություններին Մասիսի քաղաքապետի մասնակցության մասին

Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 5 անձի:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների  արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած 5 անձի ինքնության վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հունիսի 1-ին մեղադրանք է առաջադրվել 5 անձի.Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանին, 1995 թ. ծնված Գ.Համբարձումյանին և  1988 թ. ծնված Գ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ:

Եւս մեկ անձ՝ Նոր Արեշի բնակիչ, 1995թ. ծնված երիտասարդը ձերբակալվել է անկարգություններին մասնակցելու կասկածանքով։

Այսպիսով՝ այսօրվա դրությամբ՝ քրեական գործով դատավարական կարգավիճակ ունի 7 անձ, որոնցից 5-ը՝ մեղադրյալի,  2-ը՝ կասկածյալի։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել