Այսօր՝ հունիսի 1-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն ծրագրի» քաղաքացիական հասարակության (ՔՀԿ) ինկուբատորների խումբը հանդիպում է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի հետ։
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի խոսքով՝ աշխատանքային ձևաչափ կմշակվի համագործակցության համար, որպեսզի ապահովվի ՔՀԿ-ների ներգրավվածությունը նախարարության կողմից իրականացվող նախաձեռնություններին:
«Մենք պատրաստ ենք, բացի պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունից, ամեն ինչ հասանելի դարձնել հանրությանը։ Ֆինանսների նախարարությունը նույնպես հանրային քաղաքականություն իրականցնող մարմին է։ Շատ կարևոր է, որ մենք իրոք կարողանանք տարանջատել հիմնարկի դերակատարումը և այլ գերատեսչությունների դերակատարումը՝ հանրային ոլորտների կառավարման մասով, լավ կլինի, որ այն հարցերը, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների քաղաքականությանը՝ հասցեատերերը լինեն այդ ոլորտի պատկան մարմինները, նրանց հետ երկխոսությունը զարգացվի և դրանց արդյունքը քննարկվի»,-նշեց փոխնախարարը։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի բիզնեսի և հարակից ոլորտների համակարգող և ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը ներկայացրեց ծրագիրը՝ նշելով, որ այն ուղղված է քաղաքացիական հասարակության կազմակերպություններ-կառավարություն երկխոսության ամրապնդմանը և նպատակ է հետապնդում մեծացնել հասարակական կարծիքի ազդեցությունը տարբեր ոլորտներում քաղաքականությունների մշակման վրա: «Եթե նույնիսկ կանոն ենք սահմանում պետական մարմնի հետ երկխոսելու համար՝ ու հետո դա չենք կարողանում պահպանել, ինչպե՞ս պետք է քաղհասարակությունը ստիպի նշել, որ ասելիք ունի։ Մեխանիզմ է պետք մտածել, որպեսզի դրանք իրականան»,-նշեց Հակոբ Ավագյանը։
Ի պատասխան փոխնախարար Կարեն Բրուտյանը նշեց․ «Մենք արագ արձագանքման սխեմա ենք ներդնում և ցանկացած պահի, երբ կոալիցիան ցանկացած հարց կունենա ֆինանսների նախարարության հետ քննարկելու, դուք ինձ, կամ ֆինանսների նախարարին կամ աշխատանքային կարգով կամ գրավոր դիմում եք»։
Անահիտ Շահզադյանը, ով ներկայացնում է «Տարածքային բիզնես կենտրոն» բիզնեսի աջակցման ՀԿ-ն, նշեց, որ ողջունելի է նման ձևաչափով հանդիպումները կառավարության հետ։ «Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք մենք որպես ՀԿ կներկայացնենք, հարցերը համախմբելուց հետո կներկայացնենք ֆինանսների նախարարություն, ես կարծում եմ, որ դրանք անպայման պատասխաններ կստանան։ Այս բաց, թափանցիկ և շատ կառուցողական հանդիպումից հետո, կարծում եմ, մեր աշխատանքը կստացվի»,-նշեց նա։
«Զարգացման սկզբունքներ» ՀԿ ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանի խոսքով, հարկային քաղաքականության ոլորտում առաջարկություններ կմշակվեն և կներկայացվեն ֆինանսների նախարարություն, իսկ նախարարության կողմից ակնկալվում է, որ դրանք կընդունվեն։ «Իմ գնահատմամբ, նախկինում մենք ունեինք անկախության խնդիր, Պետական եկամուտների կոմիտեն մշակում էր հարկային քաղաքականություն, միևնույն ժամանկ հանդիսանում՝ կիրառող մարմին, այս հանդիպման ընթացքում Կարեն Բրուտյանը ներկայացրեց, որ հարկային քաղաքականության մշակման գործընթացը փոխանցվելու է ֆինանսների նախարարությանը, որը միանշանակ ողջունելի է»,-ասաց Արմեն Պետրոսյանը։ Նա նաև նշեց, որ շատ օրենքների հստակեցման կարիք կա, քանի որ տնտեսվարողներից շատերը չեն ուզում օրենքներ խախտել, սակայն տուգանքներից շատերը ստացվում են հենց օրենքի անհստակության պատճառով։
Հավելենք, որ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Ալիսա Չիլինգարյան