Այսօր՝ հունիսի 1-ին, կառավարությունը հաստատեց կառավարության ծրագիրը, որի դրույթներից մեկը վերաբերում է առողջապահության ոլորտին:
Ծրագրում նշվում է, որ քաղաքացու երջանկության հնարավորության ապահովման կարևորագույն գործոններից մեկը առողջապահական ծառայությունների բարձր որակը, հասանելիությունը և մատչելիությունն է, և դա ապահովելը կառավարության առաջնահերթություններից է։ Անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի ներդրումը, որը կապահովի բժշկական օգնության և բժշկական սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին սպասարկումը՝ անկախ սեռից, տարիքից, բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից: Կառավարությունը պետք է մեղմի սոցիալապես անապահով խավերի և որոշակի խմբերի ապահովագրական ծախսերը:
«Առողջապահական քաղաքականության անկյունաքարային ուղղությունը, այսուհանդերձ, պետք է դառնա հիվանությունների կանխարգելմանն ուղղված քաղաքականությունը։
Հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու մոր և մանկան առողջության պահպանման, վերարտադրողական առողջության բարելավման, վաղ մանկության շրջանի և դեռահասության առողջապահական խնդիրները:
Կառավարության համար կարևոր է լինելու բուժանձնակազմի մասնագիտական կարողությունների և պատրաստվածության բարձրացման ու զարգացման խնդիրը, առողջապահական համակարգում մարդկային ներուժի համապարփակ և համալիր զարգացման, բժշկական օգնության որակի կառավարման բարելավումը»,-նշվում է ծրագրում: