Երեկ՝ մայիսի 31-ին, տեղեկություն տարածվեց, թե Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ: Նշված տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց նաև ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը: Լուրը, սակայն, հերքվեց:
«Մեզ մոտ էլ կային այդ լուրերը, ես էլ գիտեի այդպես: Տնօրենի հետ չկարողացա կապվել, ես իմ նախաձեռնությամբ հաստատեցի, պարզվեց, որ ես սխալվել եմ: Նա ոչ թե նշանակվել է ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, այլ ԱԱԾ կադրերի ռեզերվում է»,-մեզ հետ զրույցում նշեց Սամսոն Գալստյանը այսօր:
Հարցին, թե արդյո՞ք նշանակում նախատեսվում է, Սամսոն Գալստյանը պատասխանեց, որ դեռևս ոչինչ չի կարող ասել: Նշեց միայն, որ Վլադիմիր Հակոբյանն արդեն Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը չէ. «Նա մեր աշխատակիցն է եղել, որը գործուղվել է նախագահական և հիմա հետ է վերադարձել և կադրերի ռեզերվում է»: