Կուբայում երեկ՝ մայիսի 18-ին ուղևորատար օդանավ է կործանվել:
Կուբայի իշխանությունները սուգ են հայտարարել ի հիշատակ Հավանայի մոտակայքում Boeing-737-ի կործանման հետևանքով զոհերի:
Այդ մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով Կուբայի պետական խորհրդի հայտարարանը:
«Ուրբաթ տեղի ունեցած ավիավթարի առնչությամբ Պետական խորհուրդը սուգ է հայտարարում մայիսի 19-ի ժամը 06:00-ից մինչև մայիսի 21-ի ժամը 00:00-ն»,- նշվում է հայտարարությունում: Սուգի ընթացքում երկրի տարածքում իջեցվելու են պետական դրոշները:
Ինքնաթիռը իրականացնում էր Հավանա-Օլգին չվերթը: Այն ընկել է Հավանայի «Խոսե Մարտի» օդանավակայանում օդ բարձրանալուց րոպեներ անց:
Օդանավում 100-ից ավելի մարդ է եղել: Նրանք բոլորը զոհվել են:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Հանրապետության Պետական Խորհրդի նախագահ և Նախարարների Խորհրդի նախագահ պարոն Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին՝ Հավանայի օդանավակայանի մերձակայքում օդանավի ողբերգական կործանման կապակցությամբ։
Ուղերձում ասված է․ «Մեծ ցավով տեղեկացա Հավանայի Խոսե Մարտի օդանավակայանի մերձակայքում օդանավի ողբերգական կործանման մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ։
Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ` կարեկցանքի ու սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների ընտանիքներին և հարազատներին»: