Գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործընկերներիս` երկարամյա համատեղ աշխատանքի, նույն սկզբունքներին դավանելու, զինակցության, այն ամենի համար, որ հավատով ու հետևողականորեն կարողացանք անել հանուն օրենքի, ժողովրդի և քաղաքացու, հանուն օրինականության ամրապնդման ու հանրային ապահովության հաստատման:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր սիրելի համաքաղաքացիներին համագործակցության, փոխվստահության ամրապնդման համար, որ հատկապես վերջին տարիներին մեր համատեղ աշխատանքի գլխավոր ուղղություններից էր և որտեղ, կարծում եմ, միասին հաջողել ենք:

Դրա վառ ապացույցն են վերջին իրադարձությունները, որոնց խաղաղ հանգուցալուծման գործում մեծ դեր ունեցավ ոստիկանության ողջ համակարգը, մասնավորապես` Վալերի Օսիպյանը, ում միշտ համարել և համարում եմ ոստիկանության ամենակազմակերպված ու կարգապահ սպաներից մեկը և շնորհավորում եմ նշանակման կապակցությամբ:

Եղել են, անշուշտ, նաև վրիպումներ ու բացթողումներ, ինչը անխուսափելի է ցանկացած գործի մեջ: Ժամանակների և մարդկանց հերթափոխությունն էլ հենց անհրաժեշտ է, որպեսզի խմբագրվեն հին վրիպումները, և կյանքն ու գործը շարունակվի:

Սիրելիներս, ես հրաժարականի որոշում եմ կայացրել։ Խնդրում եմ ենթատեքստեր չփնտրել խոսքերիս ու որոշումներիս մեջ:

Միշտ ապրել եմ շիտակ, բացճակատ ու առանց ենթատեքստերի: Միշտ գործել եմ խղճիս ու պրոֆեսիոնալ պարտքիս հրամայականով, և հուսով եմ, որ իմ կենսագրությամբ մի քիչ մոտեցրել եմ այն ապագան, որ բոլորիս երազանքն է:
Ես միշտ ծառայել, ծառայում ու ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը` որտեղ երկիրը պահանջի այդ ծառայությունը, և ես համոզված լինեմ, որ կարող  եմ առավելագույնը տալ իմ պետությանն ու ժողովրդին:

Հանգամանքները չեն փոխում մարդկանց, իսկ մնացյալը, կշռողը մեր խիղճն ու ժամանակն է:

Մաղթում եմ, որ ծանրակշիռ լինենք` միասնական հավատով ու գործով:
Մաղթում եմ բոլորիս միայն հաջողություններ:
Աստված մեզ պահապան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել