Այսօր՝ մայիսի 5-ին լրավամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «SAS» սուպերմարկետի պահեստում հրդեհ է եղել, սակայն արատակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հրամանով շարունակվում են ուսումնավարժություններ անցկացվել հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում:
Ուսումնավարժանքի նպատակն էր ստուգել անձնակազմի և արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև կատարելագործել անձնակազմի և արձագանքող ուժերի համագործակցությունը, վեր հանել և շտկել արձանագրված թերությունները:
Մայիսի 5-ին հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ անցկացվեցին Երևան քաղաքի Արշակունյաց 11/1 հասցեում գտնվող «ՍԱՍ» սննդի կենտրոնում և Իսահակյան 35 հասցեում գտնվող «ՍԱՍ» առևտրի կենտրոնում` «Հրդեհի դեպքում հանրային սննդի կենտրոնի աշխատակիցների և այցելուների տարհանումը» թեմայով:
Ըստ ուսումնավարժանքի պլանի՝ հրդեհն առաջացումից հետո աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել և այն տարածվել է, ծխապատ գոտում կան մարդիկ։
Դեպքի վայր ժամանելուց հետո հրշեջ-փրկարարների կողմից կատարվում է հետախուզություն, իրականացվում են որոնողափրկարարական, տարհանման և հրդեհաշիջման աշխատանքներ:
Ուսումնավարժանքին մասնակցում էին ԱԻՆ փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Վարժանքի ընթացքում հայտնաբերվել են մի շարք թերություններ, մասնավորապես՝ «ՍԱՍ» սննդի և առևտրի կենտրոնում բացակայում են հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերը։
«ՍԱՍ» առևտրի և սննդի կենտրոնների ցանցի ղեկավար կազմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ԱԻՆ
մասնագետների հետ համատեղ սեղմ ժամկետներում շտկել արձանագրված թերությունները: Հակահրդեհային ուսումնավարժանքները «ՍԱՍ» առևտրի և սննդի կենտրոնների ցանցում շարունակվելու են։