«Վերածնունդ» փառատոնի հրավիրատոմսերի, վկայագրերի և դիպլոմների համար 2 միլիոնից ավելի գումար է ծախսվել

«Վերածնունդ միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպությունը տպագրական ծառայությունների ձեռքբերման նպատակով այս տարվա մարտի 30-ին պայմանագիր է կնքել Գյումրիում գործող «Լիլ Սար Տուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ:

Գնումն արժեցել է 2 միլիոն 167 հազար դրամ: 

Պայմանագրի համաձայն տպագրական ծառայությունները ներառել են՝

  • Ծրար-80 գրամանոց 4  գույնտպագրություն, չափերը՝ 115×125-1000 հատ,
  • Հրավիրատոմս-10×21 , լամինացված 4+4 (երկկողմանիտպագրություն), թուղթը 300 գրամ-1000 հատ,
  • Թղթապանակ-A4 թղթիհամար, գրպանիկով 300 գրամանոց, թաղանթապատ, օֆսեթ տպագրություն-300 հատ,
  • Ազդագիր A2-170 գրամանոց, կավճապատ 4+0 (միակողմանիտպագրություն)-300 հատ,
  • Ազդագիր A3-200 գրամանոց կավճապատ, 4+0 (միակողմանի տպագրություն)- 500 հատ,
  • Շնորհակալագիր-լազերայինտպագրություն 300 գրամանոց, կավճապատ, 4+0 (միակողմանի տպագրություն)-300 հատ,
  • Վկայագիր- լազերայինտպագրություն 300 գրամանոց, կավճապատ, 4+0 (միակողմանիտպագրություն)-300 հատ,
  • Դիպլոմ- լազերայինտպագրություն 300 գրամանոց, կավճապատ, 4+0 (միակողմանիտպագրություն)-300 հատ,
  • Բուկլետ-150գրամանոց, միջուկը կավճապատ,լամինացված, կազմավորությունը ջերմոսոսինձ+թելակար-1200 հատ:

Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարության կողմից համացանց ներբեռնված տեղեկության համաձայն, փառատոնն անցկացվել է Գյումրիում՝ մարտի 5-ից ապրիլի 30-ը:

«Վերածնունդ միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազամկերպությունը գտնվում է Գյումրիում, Իսահակյան փող., 41 հասցեում:

Ըստ մշակույթի նախարարության տարածած տեղեկության՝ մրցույթներն անցկացվում են 19 անվանակարգերում, 5 տարիքային խմբերով: Մրցութային անվանակարգերն են՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, վոկալ անսամբլներ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, ժողովրդական գործիքների անսամբլներ, էստրադային երգեցողություն, էստրադային նվագախմբի գործիքներ, հեղինակային երգ, էստրադային անսամբլներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն, պարարվեստ, կերպարվեստ:

Միաժամանակ անցկացվում են վարպետության դասեր, համերգներ նշանավոր արվեստագետների կողմից, մասնակիցները և հյուրերը ծանոթանում են Գյումրու, Շիրակի մարզի և ՀՀ հարուստ պատմամշակութային ժառանգությանը:

Փառատոնի նպատակն է բացահայտել շնորհալի երաժիշտ-կատարողներին, խթանել դասական, ազգային երաժշտության մասսայականացումը, տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների միջև ստեղծել նոր, ստեղծագործական և բարեկամական կապեր, այլազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին, ծանոթացնել Հայաստանի պատմությանը և մշակութային ժառանգությանը, պատանիներին և երիտասարդներին հնարավորություն տալ իրենց վարպետությունը և ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու համար, գեղարվեստական կրթության բնագավառում կատարել գիտամանկավարժական փորձի փոխանակում:

Մրցույթ-փառատոնին կմասնակցեն 3100 մասնակիցներ և մշակութային համույթներ ավելի քան 35 երկրներից: Իրենց անվանակարգերում 19 բացարձակ հաղթողներին կշնորհվի մեծ մրցանակ, շուրջ 50 ենթաանվանակարգերում լավագույնս հանդես եկող մասնակիցներին կտրվի I, II, III, IV, V կարգի դափնեկրի կամ դիպլոմանտի կոչում:

Ժյուրիների կազմում ընդգրկված են արվեստի 80-ից ավելի ճանաչված գործիչներ՝ աշխարհի 20 երկրներից:

Փառատոնային օրերին ժյուրիի բոլոր անդամների և նշանավոր երաժիշտների կողմից Գյումրիում, Երևանում, ՀՀ մարզկենտրոններում և Ստեփանակերտում կանցկացվեն վարպետության դասեր և համերգներ:

Փառատոնի շրջանակներում կանցկացվի «Մշակույթների երկխոսություն» միջազգային գիտաժողովը, որին կմասնակցեն շուրջ 7 տասնյակ գիտնականներ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի արվեստի հեղինակավոր բուհերից, գիտական կենտրոններից և թանգարաններից:

Փառատոնի շրջանակներում տեղի կունենա Եվրասիական տարածքի երկրների արվեստի բուհերի ղեկավարների կլոր սեղան, որի ընթացքում կքննարկվեն ուսումնական և գիտամանկավարժական խնդիրներ, կկատարվի առաջավոր փորձի փոխանակում, կկնքվեն համագործակցության երկկողմ և բազմակողմ պայմանագրեր:

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի հաղթողները և մրցանակակիրները համերգներով, ներկայացումներով և ցուցահանդեսներով հանդես կգան ՀՀ մարզերում, Արցախի Հանրապետությունում և այլ երկրներում:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել