Նախագահը և վարչապետը ցավակցական հեռագրեր են հղել Վրաստանի պաշտոնակից գործընկերներին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն Տղիբուլի քաղաքում Մինդելի ածխահանքի փլուզման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հանրապետության նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Գիորգի Մարգվելաշվիլուն և Վրաստանի բարեկամ ժողովրդին` սփոփանքի խոսքեր ուղղելով զոհվածների հարազատներին և մերձավորներին:

Վրաստանի իր պաշտոնակից Գիորգի Կվիրիկաշվիլիին ցավակցական հեռագիր է հղել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը։

Ցավակցագրի մեջ մասնավորապես ասված է․ «Այս դժվարին պահին մեր խորին ցավակցությունը, զորակցությունը և կարեկցանքի խոսքերն ենք հղում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու Վրաստանի բարեկամ ժողովրդին»։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Արևմտյան Վրաստանի Թղիբուլի քաղաքում Մինդելիի անվան հանքի փլուզման հետևանքով 6 հանքափոր է զոհվել, երեքը վիրավորվել են: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը:

Նախնական տվյալների համաձայն՝ հանքի թունելներից մեկում պատերի դեֆորմացիա է եղել, ինչն էլ կամարի փլուզում է առաջացրել։

Զոհված հանքափորների ընտանիքներին ցավակցություն է հայտնել վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։ Նա հայտնել է, որ տուժածները կստանան անհրաժեշտ բուժօգնություն, իսկ պետությունն իր վրա կվերցնի բոլոր ծախսերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել