Անվտանգության աշխատակիցը չի զանգահարել ԱԻՆ, երբ ստացել է ահազանգը. Կեմերովոյում տեղի ունեցած դեպքից նոր մանրամասներ են հայտնի

Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհի բռնկման պահին հրդեհային ահազանգը չի աշխատել, քանի որ այն դրված է եղել ձեռքով վերահսկման ռեժիմի վրա: Այս մասին Российской газете-ին հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային վերահսկողության տեսուչը Ռինատ Ենիկեեվը:

Նրա խոսքով՝ «հրդեհ» ահազանգը կարող էր հասնել միայն անվտանգության աշխատակցի վահանակին, բայց այդ դեպքում հրդեհի մարման ավտոմատ  համակարգերը չեն աշխատում:

«Եթե ահազանգը գործարկվեր ավտոմատ ռեժիմում, ապա կաշխատեին ծխի հեռացման համակարգերը, վերելակները պետք է իջնեին առաջին հարկ, բոլոր շարժասանդուղքները ավտոմատ միայն ներքև կիջնեին, իսկ էվակուացիայի համար նախատեսված ելքերի դռները ավտոմատ կերպով կբացվեին», – ասում է տեսուչը` նշելով, որ դա տեղի չի ունեցել:

Ենիկեեվը նաև նշել է, որ անվտանգության աշխատակիցը չի զանգահարել ԱԻՆ, երբ ստացել է ահազանգը: Հրդեհի բռնկման ահազանգը այլ մարդ է տվել, որի անունը նա չնշեց:

Հիշեցնենք, որ Зимняя вишня առևտրի կենտրոնում մարտի 25-ին բռնկված ողբերգական հրդեհը խլեց 64 մարդու կյանք, որոնցից 41 երեխաներ էին: Կրակի օջախը գտնվել է վերին հարկում, որտեղ տեղակայված են եղել մի քանի կինոսրահներ և մանկական խաղահրապարակը: Քննչական մարմինը հրդեհի բռնկման 2 տարբերակ է ուսումնասիրում՝ կարճ միացումը, կամ էլ ինչ-որ մեկը հատուկ հրդեհել է առևտրի կենտրոնը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել