ԱԱԾ-ի ձերբակալած անձանցից 2-ին դատարանը անմեղ է ճանաչել

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից քննված «Ավտոմեքենաների տեխզննության կտրոնների կեղծման» հայտնի գործով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը վճռեց փաստաբան Մարինե Ֆարմանյանի պաշտպանյալ Ա.Գ-ին և փաստաբան Կարեն Սարդարյանի պաշտպանյալ Ս.Բ.-ին դատարանի դահլիճից ազատ արձակել: Այս մասին հայտնում է Մարինե Ֆարմանյանը:

Անձինք կալանքի տակ էին շուրջ երկու տարի, իսկ մեղադրողը 5 տարի ազատազրկում էր միջնորդել. «Գործող օրենքը դատարանին հնարավորություն է տալիս մարդասիրական վերաբերմունք դրսևորել հանցանք կատարած անձի նկատմամբ և այդ սկզբունքը դատավոր Բեկթաշյանն ադարացիորեն կիրառեց»:

Հիշեցնենք, որ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտվել էր կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման հանցավոր գործողությունների շարք:

Երևանում, ինչպես նաեւ ՀՀ տարբեր մարզերում, բազմաթիվ քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, ս/թ ապրիլի 20-ին Երևանի տեխզննման կետերում, առանձին համայնքների վարչական շենքերի վարձակալված սենյակներում, որոշ քաղաքացիների բնակարաններում կատարված թվով 19 միաժամանակյա խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է տեխնիկական զննության 1000-ից ավելի կեղծ կտրոն, գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր եւ էլեկտրոնային կրիչներ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված լրացուցիչ տվյալների հիման վրա հայտնաբերվել է նաեւ տպարանը, որտեղ պատրաստվել են տեխզննման կեղծ կտրոնները:

Հարուցված քրեական գործով ինը անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից ութի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք է կիրառվել:

Միջոցներ են ձեռնարկվում իրացված կեղծ կտրոնների իրական թիվը եւ պատճառված վնասի չափը ճշտելու, ինչպես նաեւ հանցագործության բոլոր մասնակիցներին բացահայտելու ուղղությամբ:

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների վաճառքը հետագայում բացառելու եւ դրա հետ կապված անհարկի քաշքշուկներից, նյութական կորուստներից քաղաքացիներին զերծ պահելու նպատակով, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում ձեռնպահ մնալ տեխնիկական զննության կտրոնները համայնքների վարչական շենքերում վարձակալած սենյակներից, ապահովագրական ընկերությունների գրասենյակներից, տեխզննման կետերից, ինչպես նաեւ անհատներից գնելու արատավոր պրակտիկայից եւ հորդորում է սահմանված կարգով դրանք ձեռք բերել բացառապես ՀՀ բանկերից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել