Քրեական իրավունքի ոլորտում մասնագիտացած Տիգրան Ղազարյանի համար փաստաբանությունն ապրելակերպ է․ այս ոլորտում հաջողության հասնելու կարևոր պայմանը նվիրվածությունն է։ Մասնագիտական ձեռքբերումների, հաջողությունների ու խնդիրների մասին նրա հետ զրուցել ենք «Երիտասարդ իրավաբանները» շարքի շրջանակներում։
-Տիգրան, ինչու՞ որոշեցիք ընդունվել հենց իրավագիտության ֆակուլտետ։
-Դե, իրականում, կամ պիտի դառնայի օդաչու, կամ իրավաբան (ծիծաղում է,- հեղ․)։ Ընտրությունս կանգ առավ իրավագիտության վրա։ Սովորել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, կրթությունս շարունակել եմ մագիստրատուրայում, այժմ սովորում եմ նույն ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում՝ որպես ասպիրանտ:
-Փաստորեն մասնագիտացել եք քրեական իրավունքի ճյուղում։
-Իհարկե, քաղաքացիական, վարչական, սահմանադրական կամ մյուս իրավունքի ճյուղերն էլ անձի համար շատ կարևոր են։ Քրեական իրավունքի ընտրությունն ինձ համար կարևորվեց նրանով, որ նախևառաջ այստեղ խնդիրը ոչ թե երկու քաղաքացու միջև վեճն է, այլ վեճը՝ քաղաքացու և պետության։ Անշուշտ, այս հարցի վերաբերյալ մի շարք ընդհանրություններ ունի վարչական իրավունքը, քանի որ այս դեպքում էլ պետական մարմնի ու քաղաքացու վեճի արդյունքում են առաջանում հակասությունները, բայց քրեականի իրավունքի դեպքում անձին առավել քան անհրաժեշտ է փաստաբանի ներկայությունն ու մասնակցությունը, քանի որ հակառակ կողմում հանդես են գալիս թե՜ դատախազությունը, թե՜ քննչական մարմինները, թե օպերատիվ ծառայություն իրականացնող մարմինները։ Ստացվում է, որ մի կողմում ունենք մասնագիտական կառույցներ, որոնց առջև դրված են թե՜ անմեղությունը, թե՜ մեղավորությունը հաստատող ապացույցներ ձեռք բերելը, իսկ մյուս կողմում ունենք քաղաքացի, որը կարող է ընդհանրապես չտիրապետել իրավաբանությանը։ Քրեականը ադրենալինով լի է, կյանք կա դրա մեջ։
-Ըստ Ձեզ, փաստաբանն ի՞նչ դժվարություն է ունենում աշխատանքի ընթացքում։
-Ցանկացած աշխատանք է պահանջում նվիրվածություն, բայց փաստաբանի աշխատանքը առավել քան։ Փաստաբան լինելն աշխատանք չէ, ասենք ժամն առավոտյան 9-ից 18-ը, այն ապրելակերպ է։ Երբ դու գիտես, որ պաշտպանյալ ունես, ով գտնվում է քրեակատարողական հիմնարկում կամ, օրինակ, քաղաքացիական գործերի շրջանակում, երբ անձին կարող ես բավական մեծ վնաս հասցնել, եթե մի դետալ լավ չուսումնասիրես կամ արագ չարձագանքես, այդ դեպքում ամեն ինչ այլ է։ Պետք է փորձես համատեղել, ու սա միայն նվիրվածության արդյունքում կարող է լինել։ Օրինակ, տարիքով կամ փորձով պայմանավորված, երիտասարդ փաստաբանները մի շարք խնդիրների կարող են բախվել, իսկ երբ կա նվիրվածությունն ու համառությունը, ամեն հարց իր լուծումը կստանա։
Կարևոր է տեսական նյութը հնարավորինս լավ ուսումնասիրելը։ Միայն օրենսգրքեր, օրենքներ ուսումնասիրելը բավարար չէ։ Հնարավոր է, որ օրենսգրքում x կարգավորում լինի, իսկ վճռաբեկ դատարանի որոշմամբ տրամագծորեն հակառակ մեկնաբանություն տրված լինի։ Պետք է հնարավորինս չշտապել, նկատի ունեմ, որ ուսանողական տարիներին մենք փորձում ենք ամեն ինչ հասցնել մեկ կամ երկու օրվա մեջ, բայց իրավաբանի մասնագիտությունն այնպիսին է, որ պետք է սովորել ամեն օր։ Պետք է դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ շարժվել։
-Կա՞ այնպիսի մեկը, ում համարում եք իդեալական կամ կատարյալ իրավաբան։
-Կարող եմ նշել, որ մեր իրականությունում կան ինձ համար օրինակելի փաստաբանի կերպարներ՝ թե՜ ազգությամբ հայ, թե՜ միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ, ում որպես օրինակելի փաստաբան հետևում եմ ու իր աշխատանքային մի շարք սկզբունքներ փորձում եմ ներառել նաև իմ աշխատանքում։
-Հայաստանում իրավաբանությունը առաջատր մասնագիտություններից համարվում։ Դա է փաստում տարիներ շարունակ իրավագիտության ֆակուլտետ դիմողների մեծ թիվը։
-Կարծում եմ պահանջարկը պայմանավորված է դրա անհրաժեշտությամբ, քանի որ անմիջականորեն առնչվում է անձի իրավունքներին ու, իհարկե, իր ավանդույթներով՝ հաշվի առնելով այն, որ իրավաբանությունը մի քանի տարվա գիտություն չէ։ Այն բավականին հին գիտություն է։ Նաև բարդ մասնագիտություն է։ Պետք է ոչ թե խաբվենք իր անվամբ, այլ իսկապես սիրել այն։
-Ձեզ համար, ո՞րն է մարդու կարևորագույն իրավունքը։
-Ընտրության իրավունքը։ Նկատի ունեմ ոչ թե նեղ, այլ լայն առումով։ Մեր կյանքում ամեն ինչը փոքր ընտրություներից է բաղկացած։ Եթե մարդու ընտրության իրավունքը սահմանափակվի, մնացած իրավունքները ուղղակի կթերանան։ Սա, իհարկե, իմ կարծիքն է, բայց պետք է փաստել, որ բոլոր իրավունքները իրար հետ համադրված պետք է լինեն։
Հարցազրույցը՝ Մայա Ավետիսյանի
Լուսանկարները՝ Հայկ Կարապետյանի
Իրավաբան.net