ՓՊ նախագահի դիպլոմն անվավեր ճանաչելու հայցապահանջի գործով դատավորին ինքնաբացարկ ներկայացվեց

Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի դիպլոմն անվավեր ճանաչելու հայցապահանջով դատավարությունը։

Հիշեցնենք, որ 20 փաստաբան հայցադիմում են ներկայացրել դատարան՝ ընդդեմ Երևանի «Գլաձոր համալսարան» ուսումնաարտադրական կոոպերատիվի, Երևանի «Գլաձոր» համալսարան ուսումնաարտադրական կոոպերատիվի ավարտական քննական հանձնաժողովի 12.06.1999թ. որոշումը` քաղաքացի Արա Զոհրաբյանին իրավաբանի որակավորում տալու վերաբերյալ և նույն ուսումնաարտադրական կոոպերատիվի կողմից 14.06.1999թ. քաղաքացի Արա Զոհրաբյանին տրված թիվ 000640 դիպլոմն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Հիշեցնենք նաև, որ հայցադիմում ներկայացրած 20 փաստաբանից անցած դատական նիստին ոչ ոք չէր ներկայացել։ Հայց ներկայացրած փաստաբաններն են  Տիգրան Աթանեսյանը, Երվանդ Վարոսյանը ,Քրիստինա Գևորգյանը, Դավիթ Գյուրջյանը Արայիկ Պապիկյանը, Նինա Կարապետյանցը, Վահե Մակյան, Մարատ Կոստանյանը, Մուշեղ Շուշանյանը, Արթուր Գրիգորյանը, Կարեն Մկրտչյանը, Ծովինար Բալայանը, Լուսինե Սահակյանը, Արմեն Սողոմոնյանը, Դիանա Գրիգորյանը, Վահե Գրիգորյանը, Զորայր Հարությունյանը, Գեորգի Մելիքյանը, Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը:

Այսօրվա դատական նիստին հայցվորներից դատարան ներկայացել էին Տիգրան Աթանեսյանը և Արմեն Սողոմանյանը:

Այս գործում որպես 3-րդ անձ ներգրավված Արա Զոհրաբյանը դատարանին ներկայացրել էր միջնորդություն, որպեսզի վեճը լուծվի առանց իր ներկայության: Նույն միջնորդության վերաբերյալ գրություն էր ուղարկվել նաև ՊՆ-ի կողմից, որով նույնպես հայտնում էին, որ  վեճը լուծվի առանց իրենց ներկայության:

Հայցվոր Տիգրան Աթանեսյանը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց և դա բացատրեց նրանով, որ դատավոր Էդիկ Ավետիսյանը  անկողմնակալ վերաբերմունք չի դրսևորում հայցվոր կողմի վերաբերյալ:

Այսպիսով, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ և ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 2-ին:

Իրավաբան.net-ի հետ զրույցում հայցվոր Տիգրան Աթանեսյանն ասաց, որ Արա Զոհրաբյանի դիպլոմը ստանալու պատրվակն իր մոտ կասկածի տեղ է առաջացրել այն ժամանակ, երբ մի առիթով Արա Զոհրաբյանը պատմել է իր զինվորական կյանքի մասին, իսկ Տիգրան Աթանեսյանը, նայելով նրա կենսագրականը՝ չի տեսել որևէ նշում Արա Զոհրաբյանի զինծառայության վերաբերյալ:
Մեր այն հարցին, որ պատասխանող կողմի ներկայացուցիչն ասել է, որ Արա Զոհրաբյանը կարող էր միևնույն ժամանակ և՛ ծառայել, և ուսում ստանալ, ի՞նչ կարծիքի է այդ մասին, Տիգրան Աթանեսյանն ասաց, որ այդ մասին առայժմ ոչինչ չի ցանկանում հայտարարել. «Դա կասեմ դատական նիստի ժամանակ»,- պատասխանեց նա:


Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել