Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, շարունակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատական քննությունը:
Հիշեցնենք, որ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով` ավազակությամբ զուգորդված սպանություն կատարելու համար։
Գործի վիճաբանությունների փուլում այսօրվա դատական նիստին պաշտպան Մարինե Ֆարմանյանը ներկայացրեց պաշտպանական ճառը: Նա իր խոսքում նշեց, որ շատ կարևոր հարց է, թե Մուշեղ Մխիթարյանն արդյո՞ք իրեն համարում է մեղավոր, թե՝ ոչ:
Պաշտպանը կասկած հայտնեց Աննա Միսակյանի տված ցուցմունքների վերաբերյալ և մի շարք հարցեր առաջադրեց իր խոսքում: Նա մեջբերում արեց Աննա Միսակյանի տված ցուցմունքից. «Հասնելով այնտեղ Մխիթարն ինձ առաջարկեց՝ արդյո՞ք ես կուզեմ գնամ Անի Մաջնունյանի տուն, որ նա բախտագուշակություն անի: Ճիշտն ասած՝ ես շատ զարմացա, քանի որ Մխիթարն ինձ մերժում էր: Հեռախոսն անջատելուց հետո Մխիթարն ինձ ասաց, որ Անիին հարմար չէ, քանի որ նա այնքան էլ լավ տեսք չունի…»:
Պաշտպանը նշեց նաև, որ, ըստ Աննա Միսակյանի տված ցուցմունքի, Անի Մաջնունյանն ու Մուշեղ Մխիթարյանը գտնվել են սիրային հարաբերությունների մեջ:
Այն պահին, երբ Աննա Միսակյանը Մուշեղ Մխիթարյանի դրսում սպասելիս է եղել և հետո բարձրացել Անի Մաջնունյանի տուն՝ Մուշեղի հետևից, լսել է խռխռոցի ձայն և սարսափած դուրս է վազել Անիի բնակարանից: Հետո, երբ Աննա Միսակյանն իջել է շենքի բակ, նրա հետևից գնացել է Մուշեղ Մխիթարյանը՝ համոզվելու համար, որ նա դրսում է: Աննա Միսակյանը խոստացել է Մուշեղ Մխիթարյանին, որ այդ մասին ոչ ոք ոչինչ չի հայտնի, նույնիսկ ասել է, որ ոչինչ չի տեսել: Գործն ավարտին հասցնելուց հետո Աննա Միսակյանը Մուշեղ Մխիթարյանի հետ նստել է պատահական տաքսի և ուղևորվել ոչ թե երկրորդ, այլ Նոր-Նորքի 9-րդ զանգված:
Պաշտպանը նշեց, որ Աննա Միսակյանը լռել է, և նա կարող էր այդ մասին հաղորդեր ու կանխեր սպանությունը. «Սա հրեշավոր վարքագիծ է»,- ասաց նա: Պաշտպանն իր խոսքում նշեց, որ Աննա Միսակյանն իր տված 3-րդ ցուցմունքի ժամանակ ասել է, որ Մուշեղը մոտ 1.000.000 դրամ պարտք է եղել Անի Մաջնունյանին, որի համար ցանկացել է նրան սպանել:
Պաշտպանը պնդում է, որ վկա Աննա Միսակյանի տված ցուցմունքներում կան խորը և իրարարամերժ հակասություններ: Այն, որ առաջին ցուցմունքում Աննա Միսակյանը նշել է, թե Անի Մաջնունյանին սպանելու Մուշեղի մտադրության մասին իմացել է հանդիպման ժամանակ, ապա 4-րդ ցուցմունքում Աննա Միսակյանը հայնտել է, թե Մուշեղի՝ Անիին սպանելու մտադրության մասին տեղեկացել է նրա հետ հեռախոսազրույցից:
Պաշտպանը հատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ Աննա Միսակյանն իր տված ցուցմունքում նշել է, որ մինչ դեպքի օրը չի եղել Անի Մաջնունյանի տանը, սակայն դատավարության ընթացքից հայտնի է դարձել, որ տուժողի իրավահաջորդ մայրը ճանաչել է Աննա Միսակյանին և ասել, որ նա հաճախակի է եղել իր դստեր տանը:
Պաշտպանը դատարանին ներկայացրեց առերեսման վերաբերյալ փաստաթուղթը, որը կցվել է գործի նյութերին որպես ապացույց և դատարանից խնդրեց, որ այդ փաստաթուղթը դուրս հանվի գործի նյութերից:
Պաշտպանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ, եթե Մուշեղ Մխիթարյանը ցանկանար գողություն կատարել Անի Մաջնունյանի բնակարանից, ապա դա կարող էր շատ վաղուց անել, քանի որ ազատ ելումուտ ուներ այդ բնակարան և բացարձակ կարիք չէր առաջանա Անի Մաջնունյանին սպանելու:
Նշեց նաև, որ Մուշեղ Մխիթարյանը վատառողջ է եղել և չէր կարող դանակի 59 հարված հասցնել Անի Մաջնունյանի փոքր մարմնին: Մարինե Ֆարմանյանը դատարանին ներկայացրեց Մուշեղ Մխիթարյանի բնութագրերը: Մասնավորապես նշեց, որ նա նախկինում դատվածություն չի ունեցել և ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ այս գործում իրական մեղավորը չի հայտնաբերվել:
Պաշտպանը դատարանին ներկայացրեց փաստաթղթեր Մուշեղ Մխիթարյանի առողջական վիճակի վերաբերյալ և դատարանից խնդրեց արդարացնել Մուշեղ Մխիթարյանին, բաց թողնել դատարանի դահլիճից՝ հանցախմբի բացակայության պատճառով:
Ծանուցում. ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net